211652_close_icon
views-count2916 դիտում article-date 10:42 11-10-2022

ԱՄՆ նախագահ Բայդենը դատապարտել է Ուկրաինային ռուսական հրթիռային հարվածները․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրը դատապարտել է Ուկրաինայի դեմ ռուսական հրթիռային հարվածները՝ ասելով, որ դրանք ցույց են տալիս ուկրաինացի ժողովրդի նկատմամբ Վլադիմիր Պուտինի պատերազմի ծայրահեղ դաժանությունը։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է այսօրվա ռուսական հրթիռային հարվածները Ուկրաինայի տարածքում, ներառյալ Կիևում: Այս հարվածների արդյունքում խաղաղ բնակիչներ են զոհվել ու վիրավորվել, ինչպես նաև ոչնչացվել են ռազմական նպատակ չունեցող օբյեկտներ։ Այս հարվածները ևս մեկ անգամ ցույց տվեցին ուկրաինացի ժողովրդի դեմ պարոն Պուտինի անօրինական պատերազմի ծայրահեղ դաժանությունը», - ասված է Բայդենի հայտարարության մեջ:

«Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում այսօր անմեղ զոհերի ընտանիքներին և մերձավորներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինման մաղթանքներ հղում»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։

Նախագահն ասել է, որ «այդ հարվածները միայն ավելի են ամրապնդում մեր հանձնառությունը՝ աջակցելու Ուկրաինայի ժողովրդին այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի: Մեր դաշնակիցների և գործընկերների հետ մենք կշարունակենք ամեն ինչ անել, որպեսզի Ռուսաստանը բարձր գին վճարի իր ագրեսիայի համար»։ Ջո Բայդենը նաև խոստացել է, որ ԱՄՆ-ը և դաշնակիցները կանեն ամեն ինչ, որպեսզի «Պուտինին և Ռուսաստանին պատասխանատվության ենթարկեն բոլոր վայրագությունների և ռազմական հանցագործությունների համար և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերեն ուկրաինական ուժերին՝ պաշտպանելու իրենց երկիրը և իրենց ազատությունը»:

«Մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ դադարեցնել այս չհրահրված ագրեսիան և դուրս բերել իր զորքերը Ուկրաինայից»,- ասել է Բայդենը։

Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր, ԱՄՆ-ն ավելի քան 16,8 միլիարդ դոլարի աջակցություն է ցուցաբերել Կիևին անվտանգության ոլորտում և ուկրաինական պատերազմի պատճառով Մոսկվայի դեմ տնտեսական ծանր պատժամիջոցներ կիրառել:

Նմանատիպ նյութեր