211652_close_icon
views-count931 դիտում article-date 21:34 10-10-2022

ՄԻՊ-ն ընդունել է ֆրանսիացի պաշտոնատար անձանց, լրագրողների ու իրավաբանների պատվիրակությանը

Հոկտեմբերի 7-ին Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ֆրանսիացի պաշտոնատար անձանց, լրագրողների ու իրավաբանների պատվիրակությանը։

Պատվիրակության կազմում Պաշտպանն ընդունել է Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանին, Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Սեբաստիեն Դելոգուին, ֆրանսիացի գրող, հրապարակախոս Սիլվեն Տեսսոնին, Ֆիգարո հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ Ժան Քրստոֆ Բյուիսոնին, Revue des Deux Mondes-ի գլխավոր խմբագիր Վալերի Թորանյանին, փաստաբան Ֆրանսուա Դեվեջյանին:

Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայի Հանրապետությունում և Մոնակոյի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նախ պատասխանել է պատվիրակության անդամներին հետաքրքրող հարցերին:

Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի սահմանամերձ մարզերում տեղի ունեցող իրավիճակը, սեպտեմբերի 13-15-ը ադրբեջանական հարձակման հետևանքով առաջացած ու շարունակվող հումանիտար խնդիրները: Տեղեկացրել է, որ հաստատությունը օրեր առաջ հրապարակել է զեկույցներ, որտեղ հստակ վելուծված են ադրբեջանական ագրեսիայի հետևանքները՝ զոհված զինծառայողների մարմինների անդամահատումներ, խոշտանգումներ, քաղաքացիական բնակչության թիրախավորում, քաղաքացիական ենթակառուցվածների թիրախավորում, ծայրահեղ ատելության խոսքի շարունակվող դրսևորումներ և այլն: Տեղեկացրել է, որ տարհանված անձանցից մի մասը չի վերադարձել իրենց տներ, քանի որ դրանց մեծ մասն ավիրվել է:
Քրիստիննե Գրիգորյանը խոսել է ռազմագերիների, ինչպես նաև գերությունից վերադարձած հայ զինծառայողների մասին, նշել, որ նրանք գտնվում են Պաշտպանի ուշադրության կենտրոնում. վերադարձած անձանց հետ Պաշտպանի ներկայացուցիչները առանձնարցազրույցներ են ունենում: Գրիգորյանը խոսել է ադրբեջանական հայատյաց քաղաքականության մասին, ներկայացրել այդ քաղաքականության համակարգային բնույթն ու պետության կողմից հովանավորումն ու խրախուսումն ապացուցող օրինակները:

Պաշտպանը խոսել է նաև մինչ սեպտեմբերյան հարձակումը, դեռևս օգոստոսին Տավուշի և Գեղարքունիքի մարզեր այցելությունների և փաստահավաք աշխատանքների մասին, ներկայացրել արձանագրված փաստերը, այդ թվում՝ սահմանամերձ համայնքների խաղաղ բնակչության ահաբեկման ու իրավունքների խախտումների օրինակների մասին:
Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Պաշտպանին կատարվող աշխատանքի համար։ Կողմերը պայմանավորվել են շարունակել արդյունավետ և վստահելի փոխգործակցությունը:

 

 

 

 

Նմանատիպ նյութեր