211652_close_icon
views-count912 դիտում article-date 16:13 10-10-2022

Հրապարակվեց «Նորքի զինված խմբի» գործով 20 ամբաստանյալների դատավճիռը. Վահան Շիրխանյանն արդարացվեց․ NEWS.am

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց «Նորքի զինված խմբի» գործով դատավճիռը, համաձայն որի՝ Արթուր Վարդանյանը, որն ըստ մեղադրանքի համարվում է զինված խմբի պարագլուխը, մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով ազատազրկման՝ 13 տարի ժամկետով, հաշվակցելով նախաքննության և դատաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամկետը,  վերջնական պատիժ սահմանվեց 9 տարին։ Գրում է NEWS.am-ը։

Դատարանը ՀՀ ՊՆ նախկին նախարար Վահան Շիրխանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և  235-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքներում արդարացրեց՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ մյուս մեղադրանքներով՝ մեղավոր ճանաչեց՝ որպես վերջնական պատիժ սահմանելով ազատազրկումը՝ 3 տարի 5 ամիս ժամկետով։ Դատարանը Վահան Շիրխանյանին  համաներմամբ ազատեց պատժի կրումից։

Անտոն Թոթոնջյանը մեղավոր  ճանաչվեց առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով ազատազրկման՝ 9 տարի ժամկետով, որը, սակայն դատարանը պայմանականորեն չկիրառեց՝ սահմանելով փորձաշրջան՝ 5 տարի ժամկետով, Ավետիս Բարեյանը մեղավոր ճանաչվեց՝ դատապարտվելով ազատազրկման 9 տարի ժամկետով, նախաքննության ընթացքում 2 ամիս կալանքի տակ գտնվելու ժամկետի հաշվակցմամբ՝ վերջնական պատիժ սահմանվեց 8 տարի 10 ամիսը, Վաղինակ Ստեփանյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքներում, նրա նկատմամբ վերջնական պատիժ սահմանվեց ազատազրկումը՝ 6 տարի 7 ամիս ժամկետով, Արթուր Եղիազարյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքներում, վերջնական պատիժ սահմանվեց ազատազրկումը՝ 6 տարի 2 ամիս ժամկետով։ Արման Հայրապետյանի նկատմամբ որպես վերջնական պատիժ սահմանվեց ազատազրկումը՝ 7 տարի 10 ամիս ժամկետով, Արա Պողոյանի նկատմամբ ազատազրկումը՝ 6 տարի 2 ամիս ժամկետով, Տիգրան Բոյաջյանի նկատմամբ որպես վերջնական պատիժ սահմանվեց ազատազրկումը՝ 5 տարի 6 ամիս ժամկետով, Գևորգ Ջնդոյանի նկատմամբ որպես պատիժ նշանակվեց ազատազրկումը՝ 8 տարի ժամկետով, նշանակված պատժում, հաշվակցելով Ջնդոյանի՝ նախաքննության և դատաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու 2 տարի 10 ամիս ժամկետը, վերջնական պատիժ սահմանվեց ազատազրկումը՝ 5 տարի 1 ամիս ժամկետով, Արկադի Մարդոյանի նկատմամբ որպես վերջնական պատիժ սահմանվեց ազատազրկումը՝ 7 տարի ժամկետով, Վահագն Սալնազարյանի նկատմամբ որպես վերջնական պատիժ սահմանվեց 6 տարի 2 ամիս ժամկետով։  Մարինե Կաթանյանը դատապարտվեց ազատազրկման՝ 6 տարի ժամկետով, սակայն դատարանը պատիժը պայմանականորեն չկիրառեց՝ սահմանելով փորձաշրջան՝ 5 տարի ժամկետով։ Ասյա Մկրտչյանը դատապարտվեց ազատազրկման՝ 8 տարի ժամկետով, վերջնական պատիժ սահմանվեց՝ ազատազրկումը՝ 7 տարի 7 ամիս ժամկետով։ Նելլի Մինասյանի նկատմամբ որպես վերջնական պատիժ սահմանվեց ազատազրկումը՝ 7 տարի 10 ամիս ժամկետով, որը դատարանը պայմանականորեն չկիրառեց՝ սահմանելով փորձաշրջան՝ 5 տարի ժամկետով։ Ամբաստանյալ Էդվարդ Ներսիսյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքներում, սակայն դատարանը, հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությունը, Ներսիսյանի նկատմամբ պատժի նշանակումը հետաձգեց, իսկ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը՝ վերացրել։

Դատարանը Գառնիկ Մարգարյանին, Վլադիմիր Առաքելյանին, Խաչիկ Ավետիսյանին, Հարություն Սարիբեկյանին  ՀՀ ՔՕ 223-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներում արդարացրեց՝ հանցակազմի բացակայության հիմքով,  ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ մեղավոր ճանաչելով ազատեց քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

Նմանատիպ նյութեր