211652_close_icon
views-count68916 դիտում article-date 10:37 09-10-2022

Առեղծվածային դեպք՝ Երևանում. պայթյուն՝ Երևանյան լճի հարևանությամբ գտնվող «D&D» հյուրատանը, կան վիրավորներ, պարեկները սահմանազատել են տարածքը, ժամանել է Երևանի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 2/8 հասցեում գործող «D&D» հյուրատանը պայթյուն է տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել հյուրատան աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած Երևանի գնդի պարեկներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ 

Բժիշկները, նրանց մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ 

Ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մարգար Ներսիսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Վալտեր Գևորգյանն ու կրտսեր պարեկ Արսեն Մովսիսյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի վթարային ծառայության աշխատակիցները։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում հերքվել է, որ հնարավոր է՝ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքից, քանի որ հյուրատան տնօրենը ասում էր, որ հյուրատունը գազից չի օգտվում։ Իսկ թե ինչն է պայթյունի պատճառը, անհայտ է։ 

Պայթյունի հետևանքով հյուրատունը կրել է խոշոր չափի նյութական վնաս, կոտրվել են ապակիները, դռները։ Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ անգամ բետոնե ծածկի պանելային հատվածներից է որոշ մասերից պոկվել։ Հյուրատունը կրել է մի քանի միլիոնի վնաս։ 

Այս պահին ոստիկաններն ու պարեկնեը սպասում են, մինչև կժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը։ 

Քիչ առաջ դեպքի վայր ժամանեցին Երևանի ոստիկանության պետ Սևան Քոչարյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զոհրաբյանն ու նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ Սպասում են նաև, որպեսզի ժամանեն ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ 

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների, ինչպես նաև պայթյունի հետևանքով դիմացի մայթում կայանված ու վնասված Opel մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 299+
299+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր