211652_close_icon
views-count1821 դիտում article-date 15:42 07-10-2022

«Փեթակում» խախտումները չեն վերացվել, որոշվել է դադարեցնել տոնավաճառի աշխատանքները. ՔՏՀԱ տեսչական մարմին

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը «Փեթակ» ՍՊ ընկերության աշխատանքները դադարեցնելու որոշում է կայացրել՝ վերստուգման արդյունքների հիմքով: Տեսչական մարմնի հաղորդագրության մեջ ասվում է.

«ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի՝ 2021 թվականի հունիսի 10-ի հանձնարարագրի համաձայն՝ հունիսի 14-18-ը ստուգում էր իրականացվել «Փեթակ» ՍՊ ընկերությունում։

Դրա արդյունքում հայտնաբերվել էին հրդեհային անվտանգության կանոնների 12 խախտումներ։

Դրա հիմքով կազմվել էր վարչական արձանագրություն, և ընկերության տնօրենը ենթարկվել էր վարչական պատասխանատվության։ Բացի այդ՝ Տեսչական մարմնի կողմից ընկերությանը տրվել էր կարգադրագիր՝ հայտնաբերված խախտումները վերացնելու վերաբերյալ։ 

Կարգադրագրի 12 կետերով խախտումները վերացնելու համար սահմանվել էր ողջամիտ ժամկետ։

Վերջին կետի կատարման վերջնաժամկետ էր սահմանվել 2022 թվականի հունիսի 23-ը։

Տեսչական մարմնի ղեկավարի 2022 թվականի օգոստոսի 22-ի հանձնարարագրի հիման վրա նախորդ տարի տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով օգոստոսի 22-25-ը ներառյալ ՏՄ մասնագետները հետազոտություն են իրականացրել ընկերությունում։

Արդյունքում պարզվել է, որ նախորդ տարի իրականացված հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում արձանագրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումները վերացնելու վերաբերյալ տրված կարգադրագրի պահանջներն ամբողջությամբ չեն կատարվել, և խախտումները չեն վերացվել։

Ուստի՝ նման խախտումներով ընկերության հետագա աշխատանքները կարող են անմիջական և ուղղակի սպառնալիք ստեղծել մարդկանց անվտանգության համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» կետով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը որոշում է կայացրել դադարեցնել ՀՀ ք․ Երևան, Արշակունյաց 17ա հասցեում գործող «Փեթակ» ՍՊ ընկերության աշխատանքները»։

Նշենք, որ այսօր «Փեթակ»-ի աշխտակիցները սովորականի պես եկել են աշխատանքի եւ անակնկալի եկել՝ տեսնելով, որ այն փակ է: Նրանք բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ:

Նմանատիպ նյութեր