211652_close_icon
views-count35589 դիտում article-date 14:38 07-10-2022

Նոր մանրամասներ Գեղարքունիքի մարզում երեկ տեղի ունեցած ողբերգական ավտովթարից․ մահացածները ամուսիններ էին, ովքեր հնարավորության սահմաններում միշտ օգնության ձեռք էին մեկնում սոցիալապես անապահով ընտանիքներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժնում հարուցված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վիրավորների և վարորդների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ VAZ 2103-ը վարել է Արարատի մարզի բնակիչ, 61-ամյա Բաբկեն Հունանյանը, իսկ Ford Transit-ը վարել է Երևանի բնակիչ, 24-ամյա Վահագն Բայունցը։

Վթարի հետևանքով VAZ 2103-ի վարորդ Բ․ Հունանյանն ու նրա ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 53-ամյա Նաիրա Գալստյանը տեղում մահացել էին։ Իսկ Ford-ի վարորդ Վ․ Բայունցն ու Ford-ի ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 17-ամյա Էդգար Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Գավառ» բժշկական կենտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները ամուսիններ էին, որոնք թե՛ իրենց գյուղում, թե՛ Արարատի մարզում բնութագրվում էին դրական։ Անգամ սոցիալական այս ծանր պայմաններում ամուսինները միշտ օգնության ձեռք են մեկնել սոցիալապես անապահով ընտանիքների։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 26 կմ հատվածում, Գավառի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Ford Transit և VAZ 2103 մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած 1 մարտական հաշվարկ հրշեջ-փրկարարները։

Վերջիններս վիրավորներին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Գավառի շտապօգնության ավտոմեքենային։ Բժիշկներն էլ մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի և դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը և ոստիկանության Գավառի բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանը։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանի և Գավառի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վանիկ Վարդանյանի գլխավորությամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 137+
137+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր