211652_close_icon
views-count1483 դիտում article-date 10:49 07-10-2022

Ո՞վ է հիմա հիշում Մադրիդյան սկզբունքների մասին․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Քաղաքական գործչից պահանջել, որ նա ճշմարտությունն ասի՝ անիրատեսական զբաղմունք է: Կարծում եմ, աշխարհի ցանկացած քաղաքական գործչի ասածների 95-97 տոկոսը սուտ է: Նրանց նպատակը ոչ թե իրականությունը ներկայացնելն է, այլ՝ համոզիչ լինելը: Եթե հռետորական հնարքներով քաղաքական գործիչը կարողանում է համոզել իր ճառերի հասցեատերերին, ապա նա իր նպատակին հասնում է:

Օրինակ, Հայաստանի վարչապետը պնդում է, որ 2007 թվականին, համաձայնելով Մադրիդյան սկզբունքներին, Հայաստանն ընդունել է, որ Արցախն Ադրբեջանի կազմում է:

Մադրիդյան սկզբունքները վաղուց հրապարակվել են, եւ ես ինձ թույլ տամ այդ 6 կետերը հիշեցնել.

1.Նախկին ԼՂԻՄ-ը շրջապատող տարածքների հանձնում Ադրբեջանին, 
2.Արցախի միջանկյալ կարգավիճակ, նրա անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով, 3.Հայաստանը Արցախին կապող միջանցք,
4.Արցախի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում՝ հանրաքվեի միջոցով,
5.Ներքին տեղահանվածների եւ փախստականների՝ իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք,
6.Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաեւ խաղաղապահ գործունեություն։

Բայց ո՞վ է հիմա հիշում Մադրիդյան սկզբունքների այս կետերը: Հայաստանի քաղաքացիներից ովքե՞ր են ծանոթ այդ սկզբունքներին: Կարծում եմ, հազիվ մեկ տոկոսը: Մնացածը ծանոթ է դրանց մեկնաբանություններին եւ ընդունելի է համարում այն մեկնաբանությունները, որոնք ավելի համոզիչ են թվում: Հետեւաբար, եթե հայտնվի մի գործիչ, որը հռետորական արվեստի լավագույն հնարքներն օգտագործելով, համոզի, որ այդ սկզբունքներով Մադրիդը մաս է կազմում Ավստրալիային, մարդկանց մեծամասնությունը դրան անվերապահորեն կհավատա:

Խոսքն այստեղ ոչ թե այդ դիվանագիտական գործընթացի լավը կամ վատը լինելու մասին է, այլ՝ քաղաքական գործիչների՝ ճիշտ կամ սխալ տեղեկությունները տալու մասին: Ճշմարտությունն ասելն ամենեւին էլ նրանց պարտականությունների մեջ չի մտնում: Իրար մեղադրելը՝ այո, դա իրենց «փեշակն» է:

«Ներկա-նախկինների» փոխադարձ մեղադրանքներն, իհարկե, լուսաբանման իմաստով շատ հետաքրքիր են՝ մի ամբողջ շեքսպիրյան դրամա է ծավալվում: Իրականությունն ավելի պարզունակ է, բայց՝ ոչ պակաս դրամատիկ: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վճռականություն չունեցան՝ հարեւանների հետ փոխզիջման գալու: Նիկոլ Փաշինյանը նույնպես իր մեջ ուժ չգտավ դա անելու, բայց գումարած դրան՝ չկարողացավ խուսափել աղետալի պատերազմից:

Բայց այդ տխուր իրականության մասին գրեթե չի խոսվում: Փոխարենը՝ բանավեճը տարվում է այն ուղղությամբ, թե ով ում ինչ փաստաթուղթ է թողել: Ահա թե ինչու եմ ես կարծում, որ այսօր գոյություն ունի «ներկաների» եւ «նախկինների» յուրահատուկ սիմբիոզ, երբ կողմերն իրար երեսի սարսափելի մեղադրանքներ են շպրտում, բայց իրականում, համենայնդեպս, Արցախի հարցում լուրջ հակասություններ չունեն»:

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր