211652_close_icon
views-count843 դիտում article-date 21:53 04-10-2022

Օրենսդրական փաթեթ՝ ուղղված փաստաբանական համակարգի բարելավմանը

ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանի տեղեկացմամբ՝ ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենսդրական փաթեթն   ուղղված է փաստաբանական համակարգի բարելավմանը, ինչը պայմանավորված է մարդու իրավունքների պատճաշ ապահովման եւ պաշտպանության բնագավառում փաստաբանության առանցքային դերով եւ իրավաբանական որակյալ օգնություն ստանալու իրավունքի ապահովմանն ուղղված կառուցակարգերի կատարելագործման հրամայականով:

Օրենսդրական նախաձեռնությամբ Կառավարությունն առաջարկում է վերանայել Փաստաբանների պալատի ներքին կառավարման կառուցվածքը, առաջարկվում է ընդլայնել փաստաբանական խորհրդի լիազորությունները, սահմանել կարգավորումներ, որոնց միջոցով հնարավորություն կլինի ձեւավորել նոր մարմիններ: Այդ մարմինների թվում կարող է ստեղծվել նաեւ կարգապահական հանձնաժողով:

Գրիգոր Մինասյանի խոսքով՝ ավելացվում են նորմեր, որոնք ապահովելու են ղեկավար կազմում գտնվող փաստաբանների քաղաքական չեզոքությունը, երբ նրանք հանդես են գալիս որպես այդ մարմնի ներկայացուցիչներ:

Փոխնախարարը նշել է, որ շահագրգիռ քննարկումների շնորհիվ ստացված առաջարկների արդյունքում փաթեթը լրամշակվել է:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը փաթեթին դրական եզրակացություն է տվել:

Ազգային ժողովն օրենսդրական փաթեթը քննարկել է հոկտեմբերի 4-ին:

Նմանատիպ նյութեր