211652_close_icon
views-count1581 դիտում article-date 15:27 02-10-2022

Հայաստանի Հանրապետությունը պահանջում է հստակ գնահատական տալ Ադրբեջանի ԶՈՒ կողմից պատերազմական հանցագործություններին. ԱԳՆ

Սոցիալական ցանցերում ադրբեջանական օգտատերերի կողմից շարունակաբար տարածվող մի շարք տեսանյութեր փաստում են Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարած պատերազմական հանցագործությունների՝ հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, հայ զինծառայողների, այդ թվում` կանանց խոշտանգման և դիերի պղծման դեպքերի մասին։Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն` անդրադառնալով այսօր սոցիալական կայքերում տարածվող այն տեսանյութին, որում ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են անզեն հայ զինծառայողներին:

«Հայաստանի Հանրապետությունը պահանջում է հստակ գնահատական տալ Ադրբեջանի ԶՈՒ կողմից այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։ Մենք հետամուտ ենք լինելու միջազգային համապատասխան հարթակներում և ատյաններում խնդրի բարձրաձայնմանը, և վերոնշյալ հանցագործությունների մեղավորներին ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելուն, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցների կիրառմամբ։ Այս համատեքստում միջազգային պատշաճ հետաքննության իրականացումը հրամայական է։

Միաժամանակ, միջազգային հանրությունը պարտավոր է մեծացնել Ադրբեջանի նկատմամբ ճնշումը՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման, բռնի անհետացումների և անհետ կորածների ճակատագրերի բացահայտման համար»,- ասվում է հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր