211652_close_icon
views-count818 դիտում article-date 15:01 02-10-2022

«Ապրելու երկիրը» և ՀԱԿ-ը Ալավերդի համայնքի կառավարման հարցով հուշագիր են ստորագրել

 «Ապրելու երկիր» և «Հայ Ազգային կոնգրես» կուսակցությունների համատեղ հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով, որ  Ալավերդի համայնքի կառավարման հարցով հուշագիր են ստորագրել։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Ապրելու երկիր» և «Հայ Ազգային կոնգրես» կուսակցությունները՝

·    Կարևորելով Ալավերդի համայնքի զարգացումը,
·    Հաշվի առնելով Ալավերդի համայնքի ավագանու ընտրությունների արդյունքները և  կարևորելով ընտրությունների միջոցով իշխանության փոփոխության իրականացումը,
·    Նպատակ ունենալով համատեղ ջանքերով հասնել համայնքում իրական բարեփոխումների իրականացմանը, առաջանցիկ տեմպերով զարգացմանը,
·    Համադրելով երկու կուսակցությունների նախընտրական ծրագրերը՝

Համաձայնում են համագործակցել հետևյալի շուրջ՝

·    Համատեղ կազմել Ալավերդի համայնքի զարգացման ծրագիրը,
·    Համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրում և ընտրում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համար Արկադի Թամազյանին, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի թեկնածու են առաջադրում և ընտրում «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ցուցակի երկրորդ համար Տիգրան Պապոյանին, համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվում է «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչ Սասուն Վարդումյանը,
·    Օձուն, Շնող, Մեծ Այրում, Ծաթեր, Այգեհատ բնակավայրերի ղեկավարումը ստանձնում են «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները, մնացած բնակավայրերի ղեկավարումը՝ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները,
·    Գործունեության ամբողջ ընթացքում աշխատանքային առաջնային սկզբունք է լինելու թափանցիկությունը, արդարությունը, հաշվետվողականությունը,
·    Կողմերն առաջնորդվում են փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման,  տարաձայնությունները բանակցությունների միջոցով լուծելու մոտեցումներով։

Ալավերդի համայնքնում ձևավորելով համագործակցության մշակույթ՝ կողմերը պատասխանատու են միասնական ջանքերով աշխատել հանուն Ալավերդու զարգացման:

Հուշագիրը գործում է կառավարման ամբողջ ժամանակահատվածի համար։

Նմանատիպ նյութեր