211652_close_icon
views-count8400 դիտում article-date 09:37 28-09-2022

ՌԴ-ում մոբիլիզացիան հանգեցրեց հակապատերազմական տրամադրությունների աճին և մարդկանց արտագաղթին երկրից․ «Ամերիկայի ձայն»

Ղազախստանի իշխանությունները մտադիր են բանակցություններ վարել Մոսկվայի հետ երկիր ռուս քաղաքացիների զանգվածային հոսքի վերաբերյալ, հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Տոկաեւի խոսքով՝ ռուսների մեծ մասը «ստիպված է հեռանալ ներկայիս անելանելի իրավիճակի պատճառով»։

Արտագաղթը դարձել է որոշակի առումով բողոքի դրսևորում այն մարդկանց կողմից, ովքեր չեն ցանկանում մեկնել Ուկրաինա պատերազմի համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից վերջերս հայտարարված մոբիլիզացիայի արդյունքում։

Ղազախստանն այդ ուղղություններից մեկն է, ուր շտապել են Ռուսաստանի քաղաքացիները։ Նրանք հեռանում են նաև Վրաստան, Հայաստան, Ֆինլանդիա, Մոնղոլիա և այլ երկրներ։

Այս գործընթացին զուգահեռ Ռուսաստանի Դաշնությունում ծավալվում է հակապատերազմական շարժում։ Լրատվամիջոցների տվյալներով՝ միայն վերջին 24 ժամվա ընթացքում Դաղստանում ցույցերից հետո բերման է ենթարկվել մոտ 90 մարդ։ Ձերբակալություններն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով։

OVD-Info-ի տվյալներով՝ սեպտեմբերի 21-ից սկսած բողոքի ակցիաների ժամանակ արդեն բերման է ենթարկվել ավելի քան երկու հազար մարդ։ Իրավապաշտպանները նշում են նաև իրավապահների անհիմն կոշտ գործողությունների բազմաթիվ դեպքեր։

Վաշինգտոնը բաժանարար գծեր է անցկացնում Կրեմլի և Ռուսաստանի քաղաքացիների գործողությունների միջև, երեկ հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Կարին Ժան-Պիերը։

«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանում [զորահավաքի դեմ] բողոքի ցույցերը շարունակվում են։ Որպես այդպիսին, հետապնդումներից ապաստան փնտրող յուրաքանչյուր ոք, անկախ ազգությունից, կարող է ապաստան խնդրել Միացյալ Նահանգներում, և յուրաքանչյուրը գործը կքննարկվի առանձին եղած դեպքի հիման վրա»:

Ռուսաստանում հակապատերազմական շարժումը և կանանց հակազդումը դրան բնական է, կարծում է Ժողովրդական ազատություն կուսակցության դաշնային քաղաքական խորհրդի անդամ, իրավապաշտպան Նատալյա Պելևինան։ Նրա կարծիքով՝ կանանց կոչ է արվել վճռական քայլեր ձեռնարկել, քանի որ վերջիներս գիտակցում են զորահավաքի հետ կապված իրենց ընտանիքներին սպառնացող իրական վտանգը։

«Երբ խոսքը գնում է իրենց որդիներին, ամուսիններին, եղբայրներին միանգամայն անիմաստ պատերազմի ուղարկելու մասին, իհարկե, կանայք պետք է կտրուկ արձագանքեին, ինչն էլ տեղի ունեցավ», - նշել է նա «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությանը տված հարցազրույցում: - Ավելին, մենք տեսնում ենք, որ օրինակ Դաղստանում կանայք բացահայտ պատերազմն անվանում էին պատերազմ, ասում էին, որ Ուկրաինան մեզ վրա չի հարձակվել, այլ մենք ենք հարձակվել Ուկրաինայի վրա։ Ստացվում է, որ կենտրոնից հեռու շրջաններում մարդիկ շատ ավելի լավ են պատկերացնում իրականությունը, քան կարելի էր պատկերացնել, իսկ կրեմլամետ քարոզչությունն ամենևին էլ ամենակարողը չէ»։

Ռուսական հանրության կողմից սակայն նման բողոքներ չկային, երբ սանձազերծվեց այս չհրահրված պատերազմը, նշում է Պելևինան: Սեպտեմբերի 21-ին մարդիկ սկսեցին գիտակցել, թե ինչ է տեղի ունեցել փետրվարի 24-ին: Այժմ իսկապես եկել է այն ընկալումը, որ պատերազմն իսկապես հասել է գրեթե յուրաքանչյուր տուն։

Այս համատեքստում բողոքի կրակը տեսականորեն կարող էլ ավելի բռնկվել, պնդում է քաղաքական գործիչը։ Նրա խոսքով, այժմ հակապատերազմական շարժումը անորոշ վիճակում է. «Կամ մարդիկ կկորցնեն մոտիվացիան, և ամեն ինչ կճնշվի, կամ առաջիկա օրերին կրակը կսկսի ավելի ու ավելի շատ բռնկվել՝ հասնելով ավելի ու ավելի շատ քաղաքներ և մարզեր... Պատահական չէ, որ շատերը վստահ էին, որ Պուտինն ընդհանրապես չի դիմի այս քայլին։ Դա ռիսկային քայլ էր, և, ակնհայտորեն, նա դա արեց հուսահատությունից:

Միևնույն ժամանակ, Պուտինը, իհարկե, կորցրեց իր հիիմնական ընտրազանգվածի որոշ մասը, ամփոփում է Ժողովրդական ազատություն կուսակցության դաշնային քաղաքական խորհրդի անդամը։

Իր հերթին, «Յաբլոկո» կուսակցության Կանանց (գենդերային) խմբակցության նախագահ Գալինա Միխալևան թերահավատորեն է վերաբերվում Ռուսաստանում հակապատերազմական շարժման հեռանկարներին։

«Ի՞նչ շարժման մասին կարող է խոսք լինել այստեղ, երբ նույնիսկ մեկ անձի պիկետ անելով գիտես, որ այն քեզ համար կավարտվի ոստիկանական բաժանմունքի մեքենայում»,- պարզաբանում է «Ամերիկայի ձայն»-ի զրուցակիցը։ «Նա, ով պարբերաբար գնում է բողոքի ակցիաների, դատապարտված է սկսել տուգանքներից, իսկ հետո՝ ազատազրկման։ Ոչ բոլորն են պատրաստ գնալ դրան»:

Ուստի ռուսաստանցիները հիմնականում այլ տեսակի հակապատերազմական բողոքի ցույց են անում՝ օրինակ «ոտքերով բողոք», - ասում է Գալինա Միխալևան: «Մենք տեսնում ենք, թե ինչպիսի հերթեր են գոյացել այժմ Ղազախստանի, Վրաստանի և Ֆինլանդիայի հետ սահմանային կետերում։ Զինվորական տարիքի մարդիկ պարզապես փորձում են ամեն կերպ հեռանալ երկրից՝ իշխանությունների հետ ուղղակի առճակատումից խուսափելու համար։ Իշխանությունների գործողություններին պատշաճ դիմադրություն չկա: Սա է խնդիրը։ Հասարակությունը չափազանց պասիվ է: Մարդկանց ամբողջ կյանքում սովորեցրել են, որ իրենցից ոչինչ կախված չէ, ուստի ավելի լավ է հանգիստ նստեք, զբաղվեք ձեր գործերով»:

«Առայժմ հայտնի են միայն արմատական բողոքի մեկուսացված դեպքեր, - ընդգծում է քաղաքական գործիչը. - Տեսնենք դրանք ինչի կհանգեցնեն։ Շատ քչերն են ընդունակ արմատական գործողությունների: Ռուսները մեծ մասամբ տրտնջում են սոցիալական ցանցերում կամ հեռանում. սա է ամբողջ արձագանքը»:

Միևնույն ժամանակ, Գալինա Միխալևան նշել է, որ շատ ավտորիտար ռեժիմներ երկար ժամանակ դիմանում են՝ չնայած ոչ պոպուլյար քայլերին և պարտված պատերազմներին։

«Ես, ցավոք, լավատեսություն չունեմ Պուտինի ռեժիմի շուտափույթ կործանման վերաբերյալ։ Միակ հույսն այն է, որ նախագահի շրջապատում կհասունանա ուժեղ դժգոհություն, և ինչ-որ ներէլիտար հակամարտություն կառաջանա։ Բայց մինչ օրս դրա նախանշանը չկա»,- եզրակացրեց նա։

Նյութը՝ Անի Քալաշյանի

Նմանատիպ նյութեր