211652_close_icon
views-count907 դիտում article-date 15:32 24-09-2022

Անհասցե արձագանքները պարարտ հող են նախապատրաստում ադրբեջանական նոր ագրեսիաների համար. Արարատ Միրզոյան

Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։ Նախարար Միրզոյանը անթույլատրելի է համարել Ադրբեջանի ԶՈՒ կողմից միջազգային  հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումները և պատերազմական հանցագործությունները, շեշտելով, որ դրանք պետք է արժանանան համապատասխան գնահատականի։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է միջազգային հանրության կողմից ագրեսորի՝ հասցեական և հստակ դատապարտման անհրաժեշտությունը՝ նշելով, որ անհասցե արձագանքները պարարտ հող են նախապատրաստում նոր ադրբեջանական ագրեսիաների համար:  Այդ տեսանկյունից հայկական կողմը կարևորել է ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ընթացքում հնչած թիրախային գնահատականները։

Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում կայունության հաստատման նպատակով ՄԱԿ-ի ներգրավման մեծացման հնարավոր մեխանիզմների շուրջ:

Արարատ Միրզոյանը և Ռոզմարի ԴիԿարլոն քննարկել են նաև Հայաստան-ՄԱԿ համագործակցության օրակարգին, Հայաստանում անցկացվող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցեր։

Նմանատիպ նյութեր