211652_close_icon
views-count3825 դիտում article-date 10:03 23-09-2022

Պուտինը կձախողվի Ուկրաինայի դեմ սկսված պատերազմը երկարաձգելու հարցում. փորձագետներ․ «Ամերիկայի ձայն»

Վլադիմիր Պուտինը, մոբիլիզացիա հայտարարելով, եւ Ուկրաիանայի գրավյալ հատվածներում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե անցկացնելու քայլով փորձում է Արեւմուտքի դեմ իր պայքարում բարձրացնել իր խաղադրույքները: Այս քայլերով նա նաեւ փորձում է գտնել երկրի ներսում պտուտակները ձգելու միջոց:

Սակայն չի իրականանալու Պուտինի եւ ոչ մի նպատակ: Այս կարծիքն են հայտնում «Ամերիկայի Ձայն» այցելած մի շարք փորձագետներ:

Ջորջթաունի համալսարանի փորձագետներից Անջելա Ստենթն ասում է, որ եթե ուկրաինական բռնագրավված հատվածները հայտարարվեն ռուսական, որեւէ մեկը դա օրինական չի համարի: «Հասկանալի է, որ այս քայլով Պուտինը պարզապես փորձում է վախեցնել ԱՄՆ-ին և ուկրաինացիներին՝ դադարեցնելու իրենց հակահարձակումը, իսկ ՆԱՏՕ-ի երկրներին ուզում է զգուշացնել, որպեսզի այն դադարեցնի Կիեւին զինումը», ասում է նա ու ավելացնում, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների ելույթները ցույց են տալիս, որ Պուտինի գործողությունները հակառակ ազդեցությունն են ունենում։ «Պուտինի քայլերը կրկնապատկում են Ուկրաինային աջակցելու ԱՄՆ-ի և եվրոպական երկրների վճռականությունը»,- ասում է նա:

Անջելա Ստենթը կասկածում է, որ Վաշինգտոնը հենց հիմա պատրաստ է Ուկրաինային ավելի լուրջ և ավելի հեռահար զենքեր մատակարարել: «Սակայն դաշնակիցների հետ քննարկումները շարունակվում են»,- ասում է նա: Նա նշում է, որ քննարկումները գործուն կերպով շարունակվում են նաեւ Լեհաստանում, բալթյան երկրներում և Մեծ Բրիտանիայում, որոնք մեծ վճռականություն են ցուցաբերում Ուկրաինային հավելյալ զենք տրամադրելու հարցում:

Պուտինի միջուկային շանտաժը դժվար թե թողնի որեւէ ազդեցություն: Այս կարծիքին է Վաշինգտոնի Ժամանակակից աշխարհի ուսումնասիրությունների հաստատության գործադիր տնօրեն Գրեգորի Ֆայֆերը: Նա գովասանքով է խոսում Բայդենի վարչակազմի կողմից այդ «խայծը կուլ չտալու հանգամանք»-ի մասին եւ ճիշտ համարում Պուտինի միջուկային հռետորաբանությանը չպատասխանելու Վաշինգտոնի բռնած դիրքը:

Ֆայֆերը կարծում է, որ այժմ Պուտինը հույսը դնում է պատերազմի նկատմամբ Արեւմուտքի հոգնածության վրա: «Պուտինը կարծում է, որ Արեւմուտքը շուտով կհոգնի այս պատերազմից եւ այդ երկրների շարքում առաջ կգա միասնության կորուստ, հատկապես, երբ սկսվի գազի պակասի պայմաններում ցրտաշունչ ձմեռ»:

Այդ պատճառով, ասում է փորձագետը, Արեւմուտքը պիտի համառորեն շարունակի Ուկրաինայի նկատամամբ աջակցությունը, համոզված լինելու համար, որ Կրեմլը այս պատերազմում չունի հաղթելու հնարավորություն:

Ավելին, Արևմուտքը, ըստ Ֆայֆերի, պետք է հստակ ցույց տա, որ Պուտինի և նրա վարչակարգի համար պատերազմն ամբողջական ռազմական ֆիասկո է` լիակատար ձախողում: «Պուտինը հասկանում է միայն ուժի խոսքը, եւ Արեւմուտքը պիտի ապացուցի, որ իր ուժի առջեւ ռուսական ուժը շատ թույլ է», ասում է նա:

Bellingcat նախագծի հետաքննող լրագրող Խրիստո Գրոզևը «Ամերիկայի Ձայնի»-ն տված հարցազրույցում ասել է. «Ռուսաստանի միջուկային զինանոցի մասին մինչ այժմ եղել են «ճոխացված» տվյալներ: Այն ինչը չի փորձարկվում տարիների ընթացքում, իսկ ռուսական միջուկային զինանոցն անցած տարիներին չի փորձարկվել, կա մեծ հնարավորություն, որ այն չկարողանա հիմա անխափան գործել: Որեւէ մեկը, այդ թվում Կրեմլը, չեն կարող ասել, թե դրանցից քանիսն են կիրառելի», ասում է նա: Նրա խոսքերով, երբ Պուտինը հայտնվի այնպիսի ծանր վիճակում, որը կստիպի նրան դիմել միջուկային զենքի, նրա հրամանին այլեւս չեն ենթարկվի միջուկային զենքերն ակտիվացնելու պարտականություն ունեցող հրամանատարները, քանի որ այդ պահին հորիզոնում արդեն իսկ կերեւան միջազգային դատարանի դռները»:

Այսօր իսկ արդեն իրականություն են դառնում փորձագետի այն խոսքերը, որ նոր զորքեր հավաքագրելու դեպքում Ռուսաստանում կսկսվեն բողոքի ակցիաներ: Եթե 25 տարեկան ռուս երիտասարդները երկրի յուրաքանչյուր անկյունից մինչեւ վերջերս այս պատերազմը դիտում էին որպես հեռավոր մի վայրում ընթացող ինչ որ իրադարձություն, այսօր աղոթում են, որ իրենք չհայտնվեն այդ հրդեհի մեջ:

Արդյո՞ք Պուտինի հուսահատ այս գործողությունները ապացուցում են Թուրքիայի նախագահ Էրդողանի այն խոսքերի ճշմարտացիությունը, որոնց համաձայն Ռուսաստանի նախագահը ցանկանում է շուտափույթ ավարտին հասցնել Ուկրաինայում ռազմական գործողությունները։ «Ոչ», պատասխանում են որոշ վերլուծաբաններ: Նրանց խոսքերով, Պուտինը շահել է Վրաստանի, Մոլդովայի ու Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտություններից, եւ հիմա ցանկանում է որքան հնարավոր է երկար շարունակել այս հակամարտությունը։ Հակամարտությունները չլուծելու ու միշտ արթուն պահելու մեջ Ռուսաստանն ունի երկար փորձառություն, մի բան, որը Մոսկվան հաճախ կիրառում է որպես խաղ ու զբաղմունք, իրենից կախվածության ժամկետը երկարաձգելու միջոց:

Նմանատիպ նյութեր