211652_close_icon
views-count683 դիտում article-date 10:21 21-09-2022

Տխուր խոհեր սեպտեմբերի 21-ին․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Այսօրվա իշխանության եւ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ շրջանառության մեջ են դնում 25 տարի գոյություն ունեցող «մեմը», թե իբր՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է՝ «Արցախը հանձնենք եւ լավ ապրենք»: Այս անհիմն վերագրումը չարժե քննարկել՝ առաջին նախագահի անվան հետ կապելով, բայց այդ ձեւակերպումը լավագույնս բնորոշում է ներկայիս իշխանության կողմից հետեւողականորեն իրականացվող ծրագիրը եւ դրա քարոզչությունը:

Ակնհայտ է, որ այս իշխանությունն իրեն պատասխանատու չի զգում Արցախի ճակատագրի համար: Պատասխանատվությունը, կարծես թե, տարածվում է լավագույն դեպքում՝ 29 800 քառակուսի կմ-ի վրա, որը, նրանց թվում է, թե հնարավոր է փրկել՝ անպաշտպան թողնելով Արցախում ապրող տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների: Այդ նպատակով, ի դեպ, ոչ բացահայտ կերպով խրախուսվում եւ բորբոքվում է հայաստանյան հասարակության լյումպենացված զանգվածի բացասական վերաբերմունքը արցախցիների հանդեպ:

Բայց այդ ծրագիրը՝ փրկել Հայաստանի Հանրապետությունը՝ զոհաբերելով Արցախը, իրատեսական չէ: Եվ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, դրա մասին արժե խոսել: Մի կողմ թողնենք հարցի բարոյական կողմը, եւ նույնիսկ ընդունենք, որ 680 հազար հայաստանցի կողջունի արցախցիների գաղթական դառնալը: Սակայն զուտ պրագմատիկ տեսանկյունից այդ ամբողջ հաշվարկը սխալ է: Սպառնալիքները՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի եւ հատկապես՝ Սյունիքի հանդեպ, այդպիսով ոչ թե կչեզոքանան, այլ՝ կսաստկանան: Ոչ մի խաղաղություն չի հաստատվի: Ադրբեջանը եւ Թուրքիան կշարունակեն իրենց ոտնձգությունները, եւ այդ ամենը կարող է վերջանալ հայկական պետականության այս փուլի ավարտով:

Ցավում եմ, որ իշխանությունը դա չի հասկանում, ցավում եմ, որ իշխանության ընտրազանգվածին պետականությունը բացարձակապես չի հետաքրքրում, ցավում եմ, որ մեր հասարակության զգալի մասին հաջողվում է զբաղեցնել «ռուսամետ-արեւմտամետ» կեղծ օրակարգով:

Շատ կցանկանայի՝ պաթոսով խոսքեր գրել անկախության տոնի առթիվ: Բայց այս պահին դա չի հաջողվում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր