211652_close_icon
views-count4726 դիտում article-date 09:15 21-09-2022

Առաջնագծում իրադրության փոփոխություն չկա. շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական ջոկատը դեռ հետ չի քաշվել. ՊՆ խոսնակ. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ.

Առավոտյան ժամը 8.30-ի դրությամբ առաջնագծում իրադրության փոփոխություն չկա: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը, հայտնում է News.am-ը։

«Հակառակորդի կողմից ցանկացած վիրավորի դեպքում ՊՆ-ն այդ մասին պաշտոնական հաղորդագրություն տարածում է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է զոհվածների անունները չհրապարակելուն, նա նշեց. «ՊՆ-ն երբեք չի ասել, որ չի հրապարակելու: Մենք ասել ենք, որ առաջնորդվում ենք միայն ճշգրիտ, անսխալական տեղեկատվությամբ: Բոլոր անվանացուցակները հրապարակվելու են վերջնական ճշգրտումից հետո»:

Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե արդյոք Հայաստանի սահմաններին հակառակորդը շարունակում է ուժերի կուտակել. «Զինված ուժերը ողջ ծավալով կատարում են իրենց առջեւ դրված խնդիրը, աչալրջորեն իրականացնում պետական սահմանի եւ ինքնիշխան տարածքի պաշտպանության համար նախատեսված բոլոր խնդիրները»,-ասաց Արամ Թորոսյանը:

Անդրադառնալով դիրքային հնարավոր կորուստներին, ՊՆ խոսնակն ասաց. «Բոլոր տեսակի ճշգրտման աշխատանքներ են իրականացվում՝ եւ նյութական, եւ այլ: Կորուստների ճշգրտման աշխատաբնքներ են իրականացվում, այդ աշխատանքների լիարժեք ավարտին ՊՆ-ն ամփոփ տեղեկատվություն կտրամադրի»:

Հարցին, թե հաջողվե՞լ է ադրբեջանական խմբերին հեռացնել Ջերմուկի ուղղությամբ հայկական տարածքներից, թե՞ ինչպես ԳՇ պետն ասաց՝ սպասում եք, որ պաշարները վերջանան եւ ինքնուրույն հետ գնան, ՊՆ խոսնակը պատասխանեց. «ԳՇ պետի կողմից իրավիճակը ներկայացնելուց հետո իրավիճակի որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտարարել էր, որ Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական մի ջոկատ, մոտ 10-12 հոգանոց, շրջափակման մեջ է եւ եթե սնունդ եւ այլ ռեսուրսներ չստանա, հետ կքաշվի եւ կմիանա իրենց մնացած ուժերին:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր