211652_close_icon
views-count177243 դիտում article-date 21:29 20-09-2022

Գեղարքունիքում սպանվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորը. Ժամանել են ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանն ու տեղակալ Կամո Ցուցուլյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Ճամբարակի առողջության կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ Երևանից Ճամբարակ են ժամանել  ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանն ու նույն գլխավոր վարչության պետի  տեղակալ Արմեն Պետրոսյանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը, ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Միքայել Միքայելյանը:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանը, նույն վարչության Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանը և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արման Հարությունյանն ու Եղիշե Մաթևոսյանը:

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև դեպքի վայրը և այս պահին տեղում դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները և ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագետները:

Դեպքի վայրը Ճամբարակ քաղաքի Գետափնյա փողոցի վրա գտնվող Բիստրոն է, որտեղ հայտնաբերվել են բավականին շատ արնանման հետքեր:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝  դին հիվանդանոց է տեղափոխվել Ճամբարակ քաղաքից  և սպանվածը Սիփան Սարիբեկյանն էր:

Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը աշխատում էր ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես ավագ  օպերլիազոր, կոչումով ոստիկանության կապիտան էր:

Ոստիկաններն ու քննիչները ենթադրյալ հանցագործի ինքնությունը պարզել են և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ նրան  և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև դեպքի վայրը: Նախաքննության շահերից ելնելով, որոշ մանրամասներ չենք հրապարակում:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Գեղարքունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը:

Ոստիկանների և քննիչների մեկ այլ խումբ  Ճամբարակի առողջության կենտրոնի բակում հայտնաբերել են Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենա, որի հետևի սրահում արնանման հետքեր կան  ու այդ մեքենան պատկանում է սպանվածին և հավանաբար նշված ավտոմեքենայով էլ տեղափոխել են:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 152+
152+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր