211652_close_icon
views-count803 դիտում article-date 18:24 20-09-2022

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Մ. Թրեյսիին

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Մ. Թրեյսիին ու դեսպանատան ներկայացուցիչներին:

Դեսպան Թրեյսին հատուկ շնորհակալություն է հայտնել Պաշտպան Գրիգորյանին ու Պաշտպանի աշխատակազմին այս օրերի ընթացքում կատարած մեծածավալ ու օգտակար աշխատանքի համար։ Քրիստիննե Գրիգորյանը դեսպանին թարմ տեղեկություններ է հայտնել Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների, միջազգային հումանիտար իրավունքով արգելված այլ արարքների վերաբերյալ։

Պաշտպանը նաև անդրադարձել է ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործություններին ու դրանք ծնող պատճառներին՝ ադրբեջանական պետության կողմից վարվող հայատյացության համակարգային քաղաքականությանը։ Գրիգորյանը նաև դեսպանին է փոխանցել սեպտեմբերի 16-ի ՄԻՊ արտահերթ զեկույցի տպագրված տարբերակը, որում վերլուծված են ադրբեջանական հարձակման ընթացքում և դրա արդյունքում արձանագրված մարդու իրավունքների կոպիտ խախտման փաստերը։

ԱՄՆ դեսպանը հատկապես կարևորել է, որ հարձակման առաջին իսկ օրերին Պաշտպանի հաստատությունը տեղեկություններ է տրամադրել գործընկերներին և պատշաճ ջանք է ներդրել հավաքագրված տվյալների ստուգման ուղղությամբ։ Քրիստիննե Գրիգորյանը նաև ներկայացրել է սեպտեմբերի 17-ին ՄԻՊ փաստահավաք թիմերի կողմից Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի՝ հարձակումից տուժած համայնքներ կատարած այցերի հետևությունները։

Բացի այդ, Պաշտպանը նշել է, որ չափազանց կարևոր է, որ մեր միջազգային գործընկերները տեղում ծանոթանան իրավիճակին, զրուցեն մարդկանց հետ ու պատկերացում կազմեն ադրբեջանական զինված հարձակման՝ մարդկային ու հոգեբանական հետևանքների մասին։ Հանդիպման ավարտին Պաշտպանն իր շնորհակալությունն է հայտնել դեսպանին մշտական արդյունավետ կապի ու համագործակցության բարձր մակարդակի համար:

Նմանատիպ նյութեր