211652_close_icon
views-count1069 դիտում article-date 20:05 17-09-2022

Ստեփանակերտում հանրահավաքի մասնակիցները հայտարարություն են տարածել

Ստեփանակերտում ընթացող հանրահավաքների մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ, որը հրապարակել է «Արցախպրեսը»:

«Մենք՝ ԼՂՀ բնակիչներս, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող համաժողովրդական հանրահավաքի մասնակիցներս, հայտարարում ենք, որ մենք պաշտպանելու ենք ԼՂՀ ինքնիշխանությունն ու պետականությունը։

31 տարի առաջ մենք անկախություն հռչակեցինք և իրականացրեցինք ինքնորոշման մեր իրավունքը ՝ միջազգային իրավունքին և ԽՍՀՄ օրենսդրությանը լիովին համապատասխան։ Այդ որոշումներն ամրագրված են «ԼՂՀ անկախության մասին հռչակագրով» և համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով։ Ադրբեջանը շարունակում է իրականացնել ավելի քան հարյուր տարի առաջ Թուրքիայի կողմից սկսված հայ ժողովրդի ցեղասպանությունը։

Ղարաբաղի հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունն Ադրբեջանի կողմից իրականացվել է նաև խորհրդային իշխանության տարիներին, և ԽՍՀՄ փլուզումից հետո բոլոր հետագա տարիներին։ Այն շարունակվում է նաև այսօր, ինչի մասին, Օրինակ, վկայում են վերջին օրերի իրադարձությունները, երբ տեղի է ունեցել զինված ներխուժում Հայաստանի Հանրապետության տարածք, որն ուղեկցվել է մարդկության դեմ հանցագործություններով ՝ սպանվածների մարմիններին ծաղրելով, գերիներին գլխատելով և հայատյաց այլ անմարդկային դրսևորումներով։

Ադրբեջանը, չթաքցնելով հայերի եւ հայկական պետականության ոչնչացման իր մտադրությունները, իրականացնում է Հայոց ցեղասպանությունը ՝ իր հանցավոր գործողությունների մեջ ներգրավելով տարածաշրջանային եւ միջազգային այլ ուժերի: Միայն Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի որոշելու իր ճակատագիրը։

Հայաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո բոլոր տարիներին հանդիսանում էր ԼՂՀ անվտանգության երաշխավորը և միջնորդական գործառույթներ էր իրականացնում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման բանակցություններում։ Բայց Հայաստանի ղեկավարությունն իրավունք չունի ստորագրել որևէ փաստաթուղթ, որը նախատեսում է ԼՂՀ գոյություն ունեցող կարգավիճակի փոփոխություն։ Նման կարգի ցանկացած փաստաթուղթ լեգիտիմ չէ և իրավաբանական ուժ չունի։

Ճանաչեք ԼՂՀ անկախությունը՝ մի մասնակցեք Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից իրականացվող Հայոց ցեղասպանությանը»։

Նմանատիպ նյութեր