211652_close_icon
views-count62282 դիտում article-date 16:05 17-09-2022

Արտակարգ ու հակասանիտարական վիճակ՝ Աբովյանում. «Վեոլիա Ջրի» մեղքով կեղտաջրերը ողողել են 3-րդ միկրոշրջանի 3-րդ շենքի բակն ու բազմահարկ շենքի նկուղը, գործին խառնվեցին Աբովյանի քաղաքապետն ու տեղակալները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է, Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 3-րդ` բազմաբնակարանային շենքի բնակիչները «Վեոլիա Ջրի» ճանապարհը սարքել են իրենց համար ամենօրյա երթուղի։

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «4-5 օր է, կոյուղատարի խցանման պատճառով կեղտաջրերը ողողում են ողջ շենքի տարածքը՝ լցվելով նաև 9 հարկանի բարձրահարկ շենքի նկուղը: Օրը մի քանի անգամ ահազանգել ենք «Վեոլիա Ջուր», գնացել ենք «Վեոլիա Ջրի» Աբովյանի մասնաճյուղ, «Վեոլիա Ջրի» ֆեյսբուքյան էջին ենք գրել, բայց լրիվ «էշ, մի սատկի, գարուն կգա» «copy-paste» արած խոսքերն են ասում՝ տեղյակ ենք, գրանցել ենք։ Էնպես են ասում՝ գրանցել ենք, կարծես, Գինեսի գրքի համար են գրանցել։ Այո, եթե էսպես շարունակվի, կարելի է էս գարշահոտությունը, որպես «Վեոլիա Ջրի» «պարգև»՝ աբովյանցիներին, գրանցեն Գինեսի գրքում։

Ամբողջ տարածքում գարշահոտություն է տիրում։ Հետո էլ ասում են՝ կորոնայի դեմ պայքար է։ Կորոնայից ինչո՞վ է տարբերվում։ Էրեխեքին հազիվ ենք պահում, որ էս կեղտաջրերի մեջ չխաղան։ Համատիրություն էլ ենք դիմել, այնտեղից էլ պատասխանել են, թե այդ ամենը մտնում է «Վեոլիա Ջրի» տիրույթ. նրանք պետք է անեն»։ 

Այս պահին շենքի նկուղում և շենքի դիմաց կեղտաջրերը հոսում են։ Իրավիճակի մասին այսօր նոր տեղեկացել է Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, ում հանձնարարականով ժամանել են Աբովյան խոշորացված համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Դավիթ Զարոյանն ու քաղաքապետի տեղակալ Արթուր Մովսիսյանը։ 

Տեղում Դ. Զարոյանը կապնվեց «Վեոլիա Ջրի» պատասխանատուի հետ և հրահանգեց, որպեսզի առանց հապաղելու գան ու կատարեն իրենց աշխատանքը։ «Վեոլիա Ջրից» էլ ասացին, թե այսօր ոչ աշխատանքային օր է, սակայն Դ. Զարոյանը նրանց փոխանցեց, որ եթե կարճ ժամանակում չժամանեն ու խնդիրը չլուծեն, ապա քաղաքապետ Է. Բաբայանը կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, իսկ Ա. Մովսիսյանն էլ արդեն հատուկ տեխնիկա է տեղափոխել տալիս նշված վայր, որպեսզի «Վեոլիա Ջրի» կողմից աշխատանքներ կատարելուց հետո տարածքը հատուկ նյութերով լվացվի։ 

Ֆոտոլրագրողի հարցին, թե ինչու բնակիչները ժամանակին չէին դիմում Աբովյան խոշորացված համայնքի ղեկավարի աշխատակազմին, պատասխանում էին, որ՝ մեզ ասել էին, որ այս խնդիրը պետք է լուծի «Վեոլիա Ջուրը», քաղաքապետարանն այստեղ անելիք չունի, ու նոր իմացանք, որ քաղաքապետարանը բարի կամք է դրսևորում և հետամուտ է լինելու, որ խնդիրն ի շահ բնակչի լուծվի։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 157+
157+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր