211652_close_icon
views-count5100 դիտում article-date 10:45 17-09-2022

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի սպասվող այցը էյֆորիա է առաջացրել․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջին մի քանի օրվա միջազգային իրադարձությունները՝ կապված հայ-ադրբեջանական պատերազմում մարտական գործողությունների հերթական բռնկման հետ, բավականին բուռն էին:

Նախ՝ ՀԱՊԿ-ը մերժեց կատարել իր պարտականությունները այն պարագայում, երբ կազմակերպության անդամ ինքնիշխան պետության տարածքի հանդեպ հարեւան երկիրն ակնհայտ ոտնձգություն է կատարում: Բացի այդ՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գոյություն ունի 1997 թվականին ստորագրված «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» պայմանագիրը, որը նմանատիպ պարտավորություններ է նախատեսում, եւ որը նույնպես չի կատարվում:

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան չդատապարտեց Ադրբեջանի ագրեսիան՝ առաջ քաշելով բավականին կասկածելի մի թեզ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատում չի անցկացվել, հետեւաբար, հնարավոր չէ որոշել, թե ով ում վրա է հարձակվել: Սակայն աշխարհում կան մի քանի տասնյակ պետություններ, որոնց միջեւ սահմանազատում՝ որպես այդպիսին, տեղի չի ունեցել, բայց դժվար թե դա պատճառ դառնա մեկի ագրեսիայի՝ մյուսի նկատմամբ: ՄԱԿ-ի ԱԽ-ում նույն հարցի քննարկման ժամանակ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Հնդկաստանը, Նորվեգիան, Իռլանդիան, Ալբանիան հանդես են եկել միանշանակ դիրքորոշմամբ՝ դատապարտելով խաղաղ բնակավայրերի վրա հարձակումը:

Վերջապես՝ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Շանհայան կազմակերպության համաժողովին, որտեղ ներկա էին Էրդողանը, Ալիեւը, Պուտինը, բայց նաեւ՝ Էբրահիմ Ռայիսին, Սի Ցինպինը եւ այլ ղեկավարներ: Զուտ հուզական առումով՝ ես չէի ցանկանա, որ Հայաստանի վարչապետը այս պահին հայտնվեր այն պետության ղեկավարի կողքին, ում զինվորները խոշտանգել ու քառատել են հայ կին զինծառայողին: Ինչպես նաեւ՝ մյուս երկուսի կողքին, որոնք նման վայրագությունները խրախուսում են: Բայց հասկանում եմ, որ քաղաքականության մեջ՝ մանավանդ միջազգային հարաբերություններում, հույզերը պետք է մի կողմ դնել ու հաշվարկել, թե ո՞րն է Հայաստանի համար ձեռնտու՝ մասնակցելը նման միջոցառմանը, թե՞՝ ոչ:

Բացի վերոհիշյալ իրադարձություններից՝ այսօր Հայաստան է գալիս ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, եւ այդ փաստը որոշակի էյֆորիա է առաջացրել մեր երկրի «արեւմտամետ» շրջանակներում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր