211652_close_icon
views-count8156 դիտում article-date 10:48 16-09-2022

ՀԱՊԿ անդամ երկրները հրաժարվում են կատարել պայմանագրի դրույթները․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Երեկ պաշտոնատար անձանց խմբի հետ Երեւան պետք է ժամաներ ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։ Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ, վերջինս նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին խոսք չկա, իսկ կազմակերպությունն էլ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հույս ունի։

«Ռազմական ուժի կիրառման, այն էլ՝ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, մասին ոչ սեպտեմբերի 13-ին, ոչ երեկ, ոչ այսօր եւ, ես կարծում եմ, ոչ էլ առաջիկայում խոսք չկա»,- ընդգծել է նա՝ շեշտելով, որ առկա խնդիրը պետք է լուծվի քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով։

«Քաղաքական-դիվանագիտական ճանապարհով» լուծումների հասնելու ջատագովներից են նաեւ Բելառուսն ու Ղազախստանը։ Մասնավորապես, Հայաստանի կողմից հրավիրված արտահերթ հեռավար նիստի ժամանակ այդ մասին հայտարարել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։ Ելույթ ունենալով նիստի ընթացքում, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը կոչ է արել ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները իրավիճակը կայունացնելու, ուժի կիրառումից հրաժարվելու եւ անհապաղ բանակցություններ սկսելու համար։

Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեյբերդին, անդրադառնալով Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին, վստահեցրել է, որ ղազախ խաղաղապահներ ուղարկելու հարց իրենց օրակարգում դեռ չկա։ Նա նաեւ հավելել է, թե դժվար է խոսել սահմանի որեւէ խախտման մասին, քանի որ «երկու երկրների միջեւ այն սահմանազատված չէ, այսինքն՝ բաժանարար գիծ չկա»։

«Առաջին խնդիրը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման համատեղ հանձնաժողովի աշխատանքների վերսկսումն է։ Մենք պատրաստ ենք կիսվել մեր փորձով։ Քանի որ մենք սահմանազատել ենք մեր սահմանը ցամաքային եւ նույնիսկ ծովային սահմանի ողջ պարագծով, ապա սահմանազատումը գրեթե ավարտված է բոլոր պետությունների հետ, բացի Ռուսաստանից։ Ռուսաստանի հետ սահմանազատումը մեզնից հավանաբար 2-3 տարի կպահանջի»,- հավելել է Թլեյբերդին։

Ղազախստանի արտաքին գերատեսչության ղեկավարի՝ սահմանազատման եւ սահմանագծման առաջարկը տեղին կլիներ, եթե չպարտադրվեր ուժի եւ ուժի սպառնալիքի միջոցով։ Ավելին, դեռեւս 2021 թ. մայիսի 12-ից սկսած Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հայկական հողում են, սեպտեմբերի 13-ից սկսված ռազմական ագրեսիայի արդյունքում եւս չի բացառվում որոշ դիրքային բարելավումներ, հետեւաբար նման պայմաններում անհնար է կիրառել վերոնշյալ գործընթացները։ Հակառակ դեպքում ստացվում է, որ լեգիտիմացնում ենք սողացող պատերազմի արդյունքները։

ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու աննպատակահարմարության մասին խոսել է նաեւ Ղազախստանի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամ Այդոս Սարիմը՝ հայտարարելով, որ «Ադրբեջանի հետ կոնֆլիկտային իրավիճակում Ղազախստանը շահագրգռված չէ զորքեր ուղարկել»: Սարիմը նշել է, որ Ղազախստանը չի կարող աջակցել Հայաստանին՝ ի վնաս Ադրբեջանի հետ հարաբերությունների, քանի որ «այնտեղ շատ մտերիմ մարդիկ են ապրում, որոնց հետ մեծ առեւտրաշրջանառություն կա եւ շատ մեծ ծրագրեր»։ Ըստ նրա, երկրում հասարակական կարծիքը եւս ավելի շատ հակված է աջակցելու Ադրբեջանին։ Միաժամանակ նա հերքել է հրապարակված լուրերը, թե Ղազախստանը ծրագրում է դադարեցնել իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին այս իրավիճակի պատճառով։ «Նման խոսակցություններ չեն եղել, էլ չեմ խոսում քննարկումների մասին»,- ընդգծել է Սարիմը՝ հավելելով, որ Ղազախստանի դիրքորոշումը չի նախատեսում ՀԱՊԿ-ի անդամակցության չեղարկում եւ կասեցում։ Ղազախստանի դիրքորոշումը տեղավորվում է Թուրքիայի հետ ամենատարբեր ոլորտներում ունեցած սերտ համագործակցության տրամաբանության մեջ, առավել եւս, որ Թուրքիայի բացահայտ աջակցությունը, կարծես թե, ուղեցույց է դառնում թյուրքական պետությունների համար։

Պետք է փաստել, որ ի դեմս Ղազախստանի, ՀԱՊԿ-ի բոլոր այն անդամ երկրները, որոնք ամենատարբեր պատճառաբանություններով, սկսած տնտեսականից, հրաժարվում են կատարել Հավաքական անվտանգության պայմանագրի դրույթները, հարված են հասցնում կազմակերպությանը։ Ստորագրված եւ վավերացված պայմանագրերի դրույթների չկատարումը կամ ընտրողաբար կատարումը հղի է լուրջ վտանգներով, առաջին հերթին՝ հեղինակազրկվում է կազմակերպությունը, թուլանում քաղաքական կշիռը ոչ միայն անդամ պետությունների համար, այլեւ միջազգային հարթակներում»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր