211652_close_icon
views-count57843 դիտում article-date 18:30 15-09-2022

Դանակահարություն՝ Սևանում գործող «Արևիկ» ռեստորանային համալիրում. բժիշկները պայքարում են թամադայի կյանքի համար. դանակահարողը Վանաձորի բանտի աշխատակից է

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 00:30–ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը, ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանն ու նույն վարչության Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանը:

Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ հաղորդում և բացատրություն տալու:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Սևանի ոստիկաններն ու քննիչները պարզել են,  որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ,  24-ամյա Արարատ Ղ.-ն է:

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները ՝ բաժնի պետ Ս. Ջանիկյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարեն Ավետիսյանի  գլխավորությամբ, հսկայածավալ աշխատանքների արդյունքում ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ապա քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ 1 օր առաջ՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 23:30–ի սահմաններում Սևանա լճի ափին գտնվող «Արևիկ» ռեստորանային համալիրի սրահում կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Գեղարքունիքի մարզի բնակիչ,  29-ամյա Վահագն  Մ.-ն իր հետ նախապես վերցրած խոհանոցային դանակով հարվածել է Արարատ Ղ.-ին:

Սևանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Վահագն Մ.-ն ներկայանում է  ոստիկանության Սևանի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են Սևանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Արարատ Ղ.-ն  թամադա է, իսկ նրան դանակահարած Վահագն Մ.-ն ծառայում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր