211652_close_icon
views-count2104 դիտում article-date 09:27 15-09-2022

Արևմտյան փորձագետները քննարկում են հայ-ադրբեջանական բախումներն ու դրանց հետևանքները․ «Ամերիկայի ձայն»

Արևմտյան վերլուծաբանները քննարկում են հայ-ադրբեջանական բախումների պատճառներն ու դրանց հետևանքները, ինչպես նաև ուկրաիանական ճգնաժամի ազդեցությունը լարվածության աճի վրա։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, այսօր սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքատուղարության խոսնակ Նեդ Փրայսը: Ըստ նրա՝ Վաշինգտոնը կողմերին հորդորել է զերծ մնալ ռազմական հետագա գործողություններից և ներգրավվել երկխոսության և դիվանագիտության մեջ: Փրայսը հայտնել է, որ պետքարտուղար Բլինքենը, երկու առաջնորդների հետ հեռախոսազրույցում, իր խորը մտահոգություն է հայտնել կողմերին հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով շարունակվող հարձակումների կապակցությամբ: Մեզ մասնավորապես անհանգստացնում են Հայաստանի ներսում խաղաղ բնակչության շրջանում տուժածների մասին շարունակական հաղորդումները, նշել է Փրայսը:

«Պետքարտուղարը նախագահ Ալիևին հորդորել է հետ քաշել զորքերը սահմանից, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք կարող են վտանգել խաղաղ բնակչությանը, և աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցային ճանապարհով»,- ասել է Փրայսը:

Ամերիկայի ձայնի հետ զրույցում Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչը կարծիք է հայտնում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բախումները զգալի հարված հասցրեցին կողմերի միջև վերջին շրջանում արձանագրված առաջընթացին խաղաղությանը հասնելու տեսանկյունից:

«Մենք տեսնում էինք որոշ դրական քայլեր, որոնք իրականում հիմնված չէին արտաքին միջնորդության կամ որևէ այլ միջազգային կազմակերպության ու խմբի ջանքերի վրա: Դա չի նշանակում, որ գործընթացը չի կարող նորից սկսվել, սակայն դժվար կլինի զարգացնել ձեռք բերված առաջընթացը, հատկապես երկու կողմերի միջև արձանագրված զոհերի պատճառով»,- ասում է նախկին դեսպանը:

Կազլյարիչի կարծիքով իրադրությունը չափազանց ծանր է ինչպես միջազգային ներգրավվածության, այնպես էլ Բաքվի ու Երևանի երկկողմանի շփումների տեսանկյունից: Նա այսօրվա իրավիճակը համեմատում է 1990-ականների սկիզբի կացության հետ, երբ, ըստ նրա, չկային հակամարտության կարգավորման միասնական ջանքեր: Նա տարակուսելի է որակում այն հանգամանքը, որ ռազմական ընդհարումները սկսեցին բրյուսելյան հանդիպումից հետո: Բացի այդ, Ադրբեջանն այսօր հրաժարվում է ընդունել Մինսկի խմբի ձևաչափը, իսկ Ռուսաստանն այլևս չի կարող ստանձնել խաղաղարար առաքելություն, քանի որ վարկաբեկել է իրեն Ուկրաինա ներխուժմամբ:

«Մենք կարծես վերադարձել ենք 1994 թվական, երբ բոլորը՝ ԱՄՆ, Ֆրանսիան, Ռուսաստանը, առանձին-առանձին փորձում էին կարգավորել այս հակամարտությունը։ Ղարաբաղյան առաջին պատերազմում դա հնարավոր չեղավ, և ես չեմ կարծում, որ այժմ ևս դա հնարավոր է հեշտությամբ անել, եթե իհարկե կողմերը պատրաստ չլինեն ընդունել ԵԱՀԿ-ի գլխավորած ջանքերի նման մի գործընթաց, որը համապատասխան ձևաչափ կտրամադրի»,- ասում է նա:

Իր հերթին վերլուծաբան Լորենս Բրոյերսը Reuters գործակալությանը տված հարցազրույցում շեշտում է՝ ուկրաինական պատերազմը Հարավային Կովկասում ստեղծված կացության առանցքային գործոնն է, որը ստեղծել է այստեղ անվտանգության վակուում, հանգեցրել բազմակողմ միջնորդական ձևաչափերի փլուզման և Ռուսաստանի՝ տարածաշրջանային անվտանգության հովանավորի ու ապահովողի դերի վերանայման։

«Դա հնարավորության պատուհան է ստեղծել Ադրբեջանի համար՝ հիշեցնելով, որ 2020 թվականի ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները անավարտ էին, և ես կարծում եմ, որ Ադրբեջանում առկա է զգացողություն, որ այժմ ժամանակն է օգտագործելու իր ուժը, ռազմական առավելությունը և ստանալ առավելագույնը, ինչը հնարավոր է»,- ասում է Բրոյերսը:

Նրա կարծիքով առկա է վտանգ, որ տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանի հարավային հատվածում ստեղծվեն նոր բուֆերային գոտիներ:

«Այսօր, երբ Ուկրաինայում ընթանում է պատերազմ, ես իրական սահմանափակումներ եմ տեսնում Ռուսաստանի գործելու կարողության հարցում: Կարծում եմ, որ մենք գտնվում ենք իրար հաջորդող էսկալացիաների և հրադադարների շրջանում»,- նշում է նա:

Իր հերթին Ռիչարդ Կազլյարիչն ընդգծում է՝ այսօրվա իրավիճակը տարբերվում է 2020 թ-ի պատերազմից՝ հաշվի առնելով Ռուսաստանի կողմից ներխուժումը Ուկրաինա: Այն որևէ պատրանք չի թողնում այն հարցում, որ Ռուսաստանը կարող է դրական դեր խաղալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունում: Ըստ նրա՝ վարկաբեկված են նաև ռուսական խաղաղապահ ուժերը, որոնք որևէ ազդեցություն չունեն ռազմական գործողությունները կանգնեցնելու հարցում:

Նմանատիպ նյութեր