211652_close_icon
views-count2637 դիտում article-date 09:13 14-09-2022

ՀՀ-ի ու Ադրբեջանի ընդհարումը չի բխում ոչ մեկի շահերից. ԱՄՆ պետքարտուղար․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պատասխանել է լրագրողների հարցին՝ կապված իր հեռախոսազրույցների ՀՀ ու Ադրբեջանի առաջնորդների հետ հայ-ադրբեջանական սահմանային բախումների կապակցությամբ, ինչպես նաև Ռուսաստանի դերակատարության վերաբերյալ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Իր պատասխանում պետքարտուղարը նշել է.

«Ինչ վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին, այո, ես երեկ երեկոյան խոսել եմ Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ նրանց ժամանակով վաղ առավոտյան: Մենք կրկին ականատես եղանք ռազմական գործողությունների բռնկմանը, մի բան, որը ձեռնտու չէ ոչ մեկին։ Այն չի բխում Ադրբեջանի ժողովրդի, Հայաստանի ժողովրդի շահերից, և, իհարկե, չի բխում ավելի լայն տարածաշրջանի շահերից։ Եվ ես խոսեցի երկուսի հետ, կոչ արեցի անել հնարավոր ամեն ինչ՝ ընդհարումներից հետ կանգնելու և իրենց երկրների միջև կայուն խաղաղություն կառուցելու մասին խոսակցություններին վերադառնալու համար:

Հենց այս պահին մեր հատուկ բանագնացը տարածաշրջանում է, ով աշխատում է երկու երկրների հետ: Ես սերտ կապի մեջ կլինեմ նրանց հետ, և հույս ունեմ, որ մենք կկարողանանք հակամարտությունը վերադարձնել բանակցությունների սեղանին և վերադառնալ խաղաղություն կառուցելու փորձերին»

Արձագանքելով լրագրողի՝ Ռուսաստանի ներգրավվածության և դրա հետ կապված մտավախությունների վերաբերյալ հարցին՝ պետքարտուղարն ասել է:

«Մշտապես մտահոգված ենք, երբ Ռուսաստանը փորձում է ինչ-որ կերպ խառնել իրավիճակը, շեղել ուշադրությունը Ուկրաինայից: Դա մեզ միշտ մտահոգում է: Բայց եթե Ռուսաստանն իրականում կարողանա օգտագործել իր ազդեցությունը ի բարօրություն, այն է՝ կրկին հանդարտեցնի իրադրությունը, դադարեցնի բռնությունը և կոչ անի բարեխղճորեն ներգրավվել խաղաղության կառուցման գործին, ապա դա դրական քայլ կհանդիսանա»,- եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարը:

Նմանատիպ նյութեր