211652_close_icon
views-count1200 դիտում article-date 17:28 13-09-2022

«Խաղաղության օրակարգի» քողի տակ բանակաշինության օրակարգը տապալած գործող իշխանությունը պիտի հեռանա. Genesis Armenia

Պաշտոնական հայտարարություններում և գրագրության մեջ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները «սադրանք» որակելը չի բխում Հայաստանի ռազմաքաղաքական և անվտանգային շահերից, լրջագույն հարված է հասցնում ռազմական էսկալացիայի սանձահարման դիվանագիտական գործողություններում ՀՀ դիրքերին, քաղաքական, քարոզչական և տեղեկատվական հարթակներում հող նախապատրաստում հերթական «ցավալի զիջումների» համար:

Տորպեդահարելով հետպատերազմյան դիվանագիտական միջավայրը, Ադրբեջանն ապացուցեց, որ Հայաստանի գործող իշխանության «խաղաղության օրակարգը» միֆականացված է, մտացածին և իրական քաղաքականության համատեքստից կտրված: Ադրբեջանական կողմի խաղաղաշինության ընկալումներն ու գործողություններն ուղիղ սպառնալիք են Հայաստանի ու Արցախի՝ պետական, իսկ հայ ժողովրդի՝ ազգային գոյութենական շահերի համար:

Ուկրաինայի ռազմական ճակատում Ռուսաստանի առերևույթ նահանջը խախտել է ուժերի հավասարակշռությունը նաև Հարավային Կովկասում: Բաքուն և Անկարան, որոշումների ընդունման արևմտյան կենտրոնների հետ գործակցաբար, հետևողականորեն աշխատում են հեղինակազրկել Ռուսաստանի՝ որպես խաղաղապահի իմիջը մեր տարածաշրջանում և պատեհ առիթից օգտվել՝ անեքսիայի ենթարկելու հայկական զույգ պետությունների ինքնիշխան տարածքներ:

Հայաստանի գործող իշխանությունը, մինչև ռազմական ագրեսիայի ամբողջական դադարեցումը և անհապաղ իշխանազրկումը, պարտավոր է անդուլ ջանքեր գործադրել բովանդակային ու շոշափելի անվտանգային քննարկումներ ու գործողություններ ձեռնարկել Իրանի և ռազմավարական դաշնակցի համբավ ունեցող Ռուսաստանի հետ, զուգահեռաբար՝ միջնորդական դերի հավակնող Եվրամիության մայրաքաղաքից պահանջել՝ կյանքի կոչել Երևան-Բաքու բանակցային պարտավորությունները, որոնք Հայաստանի պետական քարոզչամեքենայի մատուցմամբ՝ «բխում են խաղաղության օրակարգի տրամաբանությունից»:

Հայաստանի ինքնիշխան տարածքի ու քարտեզի փոփոխության պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է ռազմաքաղաքական, անվտանգային ու դիվանագիտական ճակատներում Հայաստանին ծանր ու աղետալի վիճակի հասցրած գործող անհեռատես իշխանությունը, որն իր ապաշնորհ ու չհաշվարկված դիվանագիտական քայլերով գերագնահատեց թշնամական պետությունների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի խաղաղասիրական նկրտումներն ու խաբուսիկ քայլերը, փլուզեց Հայաստանի դաշնակիցների քարտեզը:

«Խաղաղության օրակարգի» քողի տակ բանակաշինության օրակարգը տապալած գործող իշխանությունը պիտի հեռանա՝ հնարավորություն տալով ՀՀ-ին՝ սանձահարել թշնամական պետությունների գործողություններն ու վերականգնել ՀՀ տարածքային ամբողջությունը, կասեցնել Արցախը հայաթափելու և այն Ադրբեջանի կազմում թողնելու շարունակական ճնշումները:

Genesis Armenia-ն անկուսակցական նախաձեռնություն է՝ ուղեղային կենտրոն/հիմնադրամ, որի նպատակը համահայկական մտավոր ներուժի համախմբումն է, խելամիտ, առարկայական ու երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի միջոցով այդ ներուժը ֆինանսատնտեսական ներդրումների վերածելն ու ծառայեցնելը՝ ի սպաս հայ ժողովրդի ազգային շահերի:

Genesis Armenia-ն հայկական մտավոր ներուժը համախմբում է՝ միջազգային հարաբերությունների, անվտանգային քաղաքականության, տնտեսության և բիզնեսի, արդյունաբերության և տեխնոլոգիաների, կրթամշակութային, առողջապահության ու բնապահպանության ոլորտներում` մեկտեղելով մեր հայրենակիցների հետազոտական ունակությունները, համաշխարհային կապերը, լոգիստիկ հնարավորությունները։

Genesis Armenia
 

Նմանատիպ նյութեր