211652_close_icon
views-count786 դիտում article-date 12:56 13-09-2022

Թույլ չպետք է տանք, որ անմիաբանությունն ու բևեռացումները մեզ առաջնորդեն նոր պարտությունների, նոր զիջումների. Գարեգին Բ

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հանդես է եկել ուղերձով:

Ուղերձում ասվում է. «Սիրելի ժողովուրդ հայոց,

Վերստին խռովված են մեր հոգիները։ Ցավով և անհանգստությամբ ենք հետևում Հայաստանի սահմանի երկայնքով Ադրբեջանի կողմից գիշերը սանձազերծված սադրիչ մարտական գործողություններին, որոնց հետևանքով գնդակոծվել են խաղաղ բնակավայրեր, կան զոհեր և վիրավորներ։ Դատապարտելի են խաղաղության օրակարգով բանակցային գործընթացների ժամանակահատվածում ձեռնարկված այս դավադիր քայլերը։ Ակնհայտ է՝ թշնամին չի փոխվել, չեն փոխվել նաև նրա նկրտումներն ու մտադրությունները։ 2020 թվականի պատերազմը, վայրագ գործողությունները Արցախի մեր ժողովրդի և ոտնձգությունները Հայաստանի սահմանների նկատմամբ, որ համարժեք միջազգային գնահատականի այդպես էլ չարժանացան, համարձակություն ներշնչեցին թշնամուն շարունակական ռազմական գործողություններով փորձելու հասնել ցանկալի զիջումների։

Իրական, արժանապատիվ խաղաղությունը չի կարող հաստատվել սպառնալիքներով ու պարտադրանքներով, չի կարող բարեբեր լինել և հարատևություն ունենալ։

Սիրելի զավակներ մեր ի Հայաստան, Արցախ և ի սփյուռս, վստահ ենք, մեր ժողովրդի ոգին ամուր է, հայրենիքի սահմանները պահող զինվորները՝ անվեհեր։ Թիկունքում հայրենի սրբազան հողն է, մեր ընտանիքները, հայրենի դրոշը ծածանող մեր նահատակ հերոսների շիրիմները և առ Աստված ձայնող տաճարները։

Առկա իրադրության մեջ թույլ չպետք է տանք, որ անմիաբանությունն ու ներհասարակական բևեռացումները մեզ առաջնորդեն նոր պարտությունների, պարտադրված խաղաղությունը՝ նոր զիջումների։

Մեր միասնականությամբ և հայրենիքի հանդեպ հավատարմությամբ պետք է դիմակայենք նաև այս փորձությանը։ Արդ, մեր կարողություններն ու հնարավորությունները, ազգային ողջ ներուժը համախմբենք և սատար լինենք Հայոց Բանակին և հայրենիքի կարիքներին։ Չերկմտենք և գործենք առ հայրենին սիրով և պատասխանատվությամբ։

Ամենայն հանձնառությամբ յուրաքանչյուրս մեր պատասխանատվության ոլորտում անենք կարելին՝ հանուն անկախ պետականության անսասանության, հանուն մեր ազգի հարատևության։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը և հատկապես մեր բարեկամ երկրներին՝ ազդու քայլեր ձեռնարկել կասեցնելու Ադրբեջանի հերթական ագրեսիան և նկրտումները Հայոց աշխարհի նկատմամբ։

Եղբայրական մեր դիմումն է Քույր Եկեղեցիների հովվապետերին աղոթելու առաջին քրիստոնյա պետության, նրա հավատավոր ժողովրդի ապահովության համար և կարելի նպաստ բերելու տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմանը։

Մեր հայցն է առ Միածին Որդին՝ մեր Տերը Հիսուս Քրիստոս՝ վերստին այցի գալու իր փոքր հոտին, որին դարեր առաջ ընտրեց ի վկայություն իր հավատի։ Աղոթում ենք զոհված մեր զավակների հոգիների խաղաղության, նրանց հարազատների ու ընտանիքների մխիթարության համար։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր վիրավորներին։ Թող Տերը ամուր ու տոկուն պահի և Իր Ամենախնամ Սուրբ Աջով պահպանի հայոց զինվորին։ 

Աստված պահապան Հայոց բանակին և մեր հայրենիքին։

Նմանատիպ նյութեր