211652_close_icon
views-count4682 դիտում article-date 12:32 13-09-2022

Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցությունները վարել նաև ՀՀ-ի ներկայացված սկզբունքների հիման վրա. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչու են Ադրբեջանի զինված ուժերը հարձակվողական գործողություններ ձեռնարկել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ Փաշինյանը նախ ընդգծեց, որ բոլոր այն պնդումները, թե Հայաստանի զինված ուժերը դիմել են ինչ-որ սադրանքների և Ադրբեջանի գործողությունները եղել են ի պատասխան հայկական զինված ուժերի գործողությունների, բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում:

 «Վերջին օրերին հետևել եք, որ ադրբեջանական կողմը անընդհատ տեղեկատվական պատերազմի ժանրով տեղեկություններ էր տարածում, իբր, Հայաստանի զինված ուժերի կողմից ձեռնարկված հարձակումների վերաբերյալ, պաշտպանության նախարարությունը, բնականաբար հերքում էր այդ ամենը, որովհետև դա իրականության հետ աղերս չուներ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով ՝ ստեղծված իրավիճակը առաջին հերթին  կապված է Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի հետ:

«Դուք բոլորդ հիշում եք, որ 2022 թվականի մարտին Ադրբեջանը ներկայացրել էր խաղաղության պայմանագրի վերաբերյալ հինգ առաջարկություններ և առաջարկել էր դրանց հիմքի վրա կնքել խաղաղության պայմանագիր: Մեր արձագանքը դրան հետևյալն էր, որ այդ առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, բայց մենք կարծում ենք, որ այդ կետերը պետք է լրացվեն, և այդ լրացված կետերի հենքի վրա պատրաստ ենք բանակցություններ վարել և խաղաղության պայմանագիր ստորագրել՝ համապատասխան կետերի շուրջ համաձայնության գալու դեպքում: Իհարկե, այս ընթացքում թվում էր, թե կա թեմայի շուրջ ըմբռնում, բայց հընթացս և, մասնավորապես, վերջին Բրյուսելյան հանդիպման ընթացքում պարզվեց և պարզաբանվեց, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցությունները վարել նաև մեր ներկայացրած սկզբունքների հիման վրա: Հիշում եք, որ այդ սկզբունքների մեջ կային մի քանի կետեր: Դրանցից մեկը 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի  եռակողմ հայտարարությունների սկզբունքների պահպանումն էր, հղում այդ սկզբունքներին և հայտարարություններին»,- ասաց Փաշինյանը:

Հաջորդ կարևոր կետը, ըստ վարչապետի, վերաբերվում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությանը, իրավունքներին և դրանից բխող կարգավիճակին:

«Ըստ էության, Ադրբեջանի դիրքորոշումը, որը արտահայտվում է և արտահայտվել է բանակցային գործընթացում, հետևյալն է, որ նրանք չեն ուզում Հայաստանի հետ քննարկել Ղարաբաղի հարցը, որովհետև իրենց դիրքորոշումը այն է, որ Ղարաբաղի հարցը լուծված է կամ առնվազն դա Ադրբեջանի ներքին խնդիրն է, և իրենք չեն ուզում այդ հարցը քննարկել Հայաստանի Հանրապետության հետ»,- ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր