211652_close_icon
views-count828 դիտում article-date 10:56 13-09-2022

Մոտ 3 ամիս առաջ անցկացված հարցման արդյունքները հիմա միայն հրապարակելը տարօրինակ է․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Օրերս հրապարակվեցին «Միջազգային հանրապետական ինստիտուտի» անցկացրած հարցման արդյունքները, որոնք մի շարք հարցեր առաջացրեցին շատերի շրջանում՝ մասնավորաբար կապված քաղաքական գործիչների եւ ուժերի վարկանիշների հետ: Փորձագետներից շատերը հատկապես շեշտում են, որ մոտ երեք ամիս առաջ անցկացված հարցման արդյունքները հիմա միայն հրապարակելը տարօրինակ է, որովհետեւ քաղաքական վարկանիշները փոխվում են ամենօրյա ռեժիմով:

Այդ իսկ պատճառով հարցման մեջ առավել ուշագրավ են պետական կառույցների նկատմամբ մեր քաղաքացիների գնահատականները, քանի որ դրանք արագորեն չեն փոփոխվում: Այս «ցուցակում» ամենացածր վարկանիշն ունեն տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, էկոնոմիկայի եւ արդարադատության նախարարությունները: Նախարարությունների մեջ անվերապահ առաջատարը արտակարգ իրավիճակների նախարարությունն է, որի աշխատանքներից «շատ գոհ» եւ «գոհ» է հարցվածների 62 տոկոսը, ինչն, ի դեպ, 14 տոկոսով ավելի է երկրորդ տեղը զբաղեցրած գերատեսչությունից: Այս դեպքում հարցման անցկացման ժամկետը առավել էական է, քանի որ նման վարկանիշ նախարարությունն ունեցել է մինչեւ «Սուրմալու» տոնավաճառի ողբերգությունը, որի ժամանակ ԱԻՆ-ի աշխատակիցները մեծ պրոֆեսիոնալիզմ ցուցաբերեցին:

Հատկանշական է, որ նախարարության վարկանիշը աճել է անգամ այն պարագայում, երբ նախկին նախարարը կալանավորվեց կոռուպցիոն սկանդալի պատճառով: Հիշեցնենք, որ դրանից հետո նա ազատվեց աշխատանքից ու նախարար նշանակվեց Արմեն Փամբուխչյանը։ Ամենազարմանալին պաշտպանության նախարարության ցուցանիշն է՝ ընդամենը 39 տոկոսն է գոհ մեր պաշտպանական գերատեսչության աշխատանքից: Սա աննախադեպ է, քանի որ մշտապես ՊՆ-ն եղել է ամենաբարձր վարկանիշն ունեցող կառույցներից մեկը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր