211652_close_icon
views-count748 դիտում article-date 16:54 12-09-2022

Նախագծի ընդունմամբ ցեմենտի շուկայում կվերականգնվի հավասարակշիռ մրցակային վիճակը՝ կանխելով շուկայի հետագա կենտրոնացումը

Առաջարկվում է Հայաստան ներկրվող ցեմենտի համար այսօր կիրառվող 14.000 դրամ պետական տուրքը նվազեցնել՝ դարձնելով 9.000 դրամ,  իսկ ցեմետի հումքի՝ կլինկերի համար կիրառվող 2.000 դրամ տուրքը հանել ընդհանրապես: Այս մասին հայտնել է պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ իր եւ Հովիկ Աղազարյանի հեղինակած ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ: Նախագծի ընդունումը պայմանավորված է ցեմենտի տեղական արտադրությունը պաշտպանելու, ինչպես նաեւ ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ: Հեղինակներն ակնկալում են, որ նախագծի ընդունման արդյունքում կճշգրտվի 2019 թ. գործող կարգավորումը՝ համապատասխանեցնելով ցեմենտի շուկայում վերջին զարգացումներին եւ փոփոխված ելակետային պայմաններին: Նախագծի ընդունմամբ ցեմենտի շուկայում կվերականգնվի հավասարակշիռ մրցակային վիճակը՝ կանխելով շուկայի հետագա կենտրոնացումը, գների չհիմնավորված աճն ու տեղական ընկերությունների համար խթաններ ստեղծելով՝ քայլեր կձեռնարկվեն արտադրողականության բարձրացման եւ ինքնարժեքի իջեցման ուղղությամբ:

Պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հետաքրքրվել է, թե բյուջեի մուտքերի վրա ինչպես կազդի նախաձեռնությունը: «Եթե պարզ թվաբանություն անենք, տուրքի չափի իջեցումը պետք է բերի բյուջեի եկամուտների նվազման, որովհետեւ, եթե 1 տոննայի համար 14.000 էր տուրքը, 5.000 դրամով իջեցնում ենք, ավելի քիչ պետք է հավաքենք: Բայց կա մեկ այլ հանգամանք, որ դրա հետեւանքով ծավալներն են ավելանալու. երբ ժամանակին տուրք չկար, ներմուծվում էր տարեկան մինչեւ 150-200 հազար տոննա ցեմենտ, իսկ հիմա ներմուծվում է դրանից մի քանի անգամ ավելի քիչ: Սա այն դեպքն է, որ բյուջեի վրա ազդեցությունը պետք է էական չլինի, քանի որ բյուջեի եկամուտների մասով կարող է կորուստ ունենանք, բայց հարակից էֆեկտներն այնքան մեծ լինեն, որ դրանով կոմպենսացնենք այդ ամբողջ վնասը»,-պարզաբանել է Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ նախագծի նպատակը  տեղական արտադրողին պաշտպանելն է:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել: Հարակից զեկուցող Ծովինար Վարդանյանը հայտնել է, որ նախագիծն ուղղված է ոլորտում մրցակցային դաշտի ապահովմանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ Կառավարությունն իր համաձայնությունն է տվել քննարկվող նախագծին, սակայն լսել է նաեւ գործընկերների մտահոգությունները՝ կապված տուրքի չափի հետ: Նախարարը հայտնել է, որ Կառավարությունը պատրաստ է լրացուցիչ քննարկման՝ գտնելու այն լավագույն լուծումը, որը կհավասարակշռի արդյունաբերողների եւ կառուցապատողների շահերը: Հարցն այն է, որ կառուցապատողները խնդիրներ են տեսնում՝ կապված ցեմենտի գնի եւ որակի հետ:

Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավոր Գեւորգ Պապոյանն առաջարկել է պահպանել առաջարկվող 9.000 դրամ տուրքը, այնուհետեւ, եթե կարիք կլինի, հնարավոր ուղղումներ անել:

Հիմնական զեկուցող Բաբկեն Թունյանը եզրափակիչ ելույթում ասել է, որ նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը չի իրականացվի քսանչորս ժամվա ընթացքում, ինչպես նախապես որոշվել էր: Պատճառը նախագծի լրացուցիչ քննարկման անհրաժեշտությունն է:

Նմանատիպ նյութեր