211652_close_icon
views-count688 դիտում article-date 10:59 09-09-2022

Ժողովուրդը, դատարանները և «տրիբունները» նույնն են․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Սոկրատեսը, երբ Աթենքի ժողովրդավարական իշխանությունը նրան դատապարտեց մահվան, իր վերջին ճառում նշեց, որ մահն իր համար խնդիր չէ, իր համար խնդիր է ապօրինություն գործելը, իսկ ահա դրանից նա միշտ աշխատում էր խուսափել: Ընդհանրապես, բոլոր նորմալ մարդկանց նման, փիլիսոփան աշխատում էր հեռու մնալ քաղաքականությունից: Բայց մեկ-մեկ ստիպված էր մասնակցել, եւ դա ոչ մի լավ բանի չէր հանգեցնում:

Ք.ա. 406 թ. Աթենքը ծովային ճակատամարտերից մեկում հաղթանակ տարավ, բայց հետդարձի ճանապարհին փոթորիկ սկսվեց, եւ հարյուրավոր նավաստիներ չկարողացան փրկվել: 8 զորավարներից տուն վերադարձան 6-ը, եւ Աթենքի ժողովուրդը որոշեց այդ 6-ին միանգամից, առանց անհատական հանգամանքների մեջ խորանալու մահապատժի ենթարկել: Բայց կար որոշակի ընթացակարգ. որոշումը պետք է հաստատեին «պրիտանները», պայմանականորեն ասած՝ դատարանների նախագահները, որոնք ընտրվում էին հարգված քաղաքացիների թվից, եւ նրանց թվում էր Սոկրատեսը: «Պրիտանները» կասկածներ հայտնեցին, որ նման արագ եւ, այսպես ասած, «բիրիքով» դատաստանը գուցե ապօրինի է: Իմանալով այդ կասկածների մասին՝ Աթենքի հպարտ քաղաքացիներն ընդվզեցին եւ սպառնացին, որ եթե «պրիտանները» չկատարեն ժողովրդի կամքը, նրանք նույնպես կդատապարտվեն մահապատժի: Բոլորը վախեցան, եւ հաստատեցին ապօրինի որոշումը: Բոլորը, բացի Սոկրատեսից, որն ասաց, որ ցանկացած դեպքում առաջնորդվելու է օրենքով:

Այո, ժողովրդավարությունը դաժան բան է, եւ 25 դարում ոչ մի բան առանձնապես չի փոխվել՝ ո՛չ ժողովրդի իրավագիտակցության, ոչ էլ՝ դատարանների առումով: Ժամանակակից Հայաստանում նույնպես «դատում է ժողովուրդը»: Իսկ այն դատավորները, որոնք առաջնորդվում են ոչ թե ժողովրդի կամքով, այլ ապացույցներով եւ օրենքներով, նրանք, բնականաբար, «հակաժողովրդական տարրեր են»: Բայց ժողովուրդը արագ դատաստան է պահանջում ոչ ինքնաբերաբար. «թշնամիներին» մատնացույց է անում ժողովրդական տրիբունը, որը մեր երկրի պարագայում համատեղության կարգով կատարում է նաեւ պետության ղեկավարի որոշ պարտականություններ:

Եվ քանի որ դա այդպես է, տրիբունը կարող է հանել եւ նշանակել գլխավոր շտաբի պետին ու նրա տեղակալներին, կարող է գեներալի ուսադիրներ տալ, հերոսի կոչում շնորհել, կարող է նաեւ ուսադիրները պոկել ու հրահանգ տալ գեներալների դեմ քրեական գործեր հարուցել: Բայց նրանց գործողությունների համար այդ գերագույն ղեկավարը որեւէ պատասխանատվություն չի կրում: Հաղթեցինք պատերազմում՝ դա Զինված ուժերի գլխավոր հրամանատարի ռազմական անզուգական տաղանդի արգասիքն է, պարտվեցինք՝ գեներալներն են մեղավոր:

Այդպես է, հավանաբար, աշխատում ժողովրդավարությունը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր