211652_close_icon
views-count1560 դիտում article-date 10:29 08-09-2022

Շեշտակի հարված «արևմտամետներին»․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երբ Հայաստանի ներկայիս իշխանության «արեւմտամետ» երկրպագուները պնդում են, որ Հայաստանը թոթափում է «ռուսական լուծը», որ Շարլ Միշելի միջնորդությամբ բանակցությունները նշանակում են, թե մենք դիվանագիտական ոլորտում աննախադեպ ինքնուրույնություն ենք դրսեւորում, եւ, ընդհանրապես, եթե ոչ վաղը, ապա մյուս օրը Հայաստանը ԱՄՆ-ից զենք է գնելու, հետաքրքիր է՝ նրանք ի՞նչ նկատի ունեն: Հակված եմ ենթադրելու, որ այս մարդիկ շատ լավ հասկանում են, որ իրենց այդ դատողությունները հեռու են իրականությունից, եւ նրանց նպատակը զուտ ներքաղաքական քարոզչությունն է՝ մի երկու «մուշտի» տալ խորհրդարանական ընդդիմությանը, որն, իրենց ներկայացմամբ, Ռուսաստանի «հինգերորդ շարասյունն է», որը Պուտինի հրահանգով ցանկանում է տապալել մեր պանծալի իշխանությանը:

Եթե որեւէ չնախապաշարված մարդ լսեր Վլադիվոստոկում Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պուտինի եւ Ռուսաստանի հասցեին բազմաթիվ շնորհակալություններով եւ հաճոյախոսություններով, ապա, կարծում եմ, նրա մոտ կասկած չէր առաջանա, թե ով է Հայաստանում «թիվ մեկ պուտինիստը»: Բացի ռեւերանսներից, վարչապետն արեց եւս մի քանի կարեւոր շեշտադրում. «Հույս ունենք,- ասաց նա. - ՌԴ աջակցությամբ հարթել հարաբերությունները Թուրքիայի հետ»: Այսինքն՝ Հայաստանի ղեկավարը փաստացի ընդունում է, որ Թուրքիայի հետ չկա ուղիղ երկխոսություն, քանի որ մեր երկիրը դրա համար չունի բավականաչափ ինքնուրույնություն:

Հետաքրքիր էր Հայաստանի ղեկավարի՝ ԵԱՏՄ-ի հասցեին հաճոյախոսությունը. «Այն տնտեսական աճը, որը ներկայումս սպասվում է Հայաստանում, պայմանավորված է այն ազատություններով, որն ապահովում է Եվրասիական տնտեսական միությունը»: Հիշեցնեմ, որ Փաշինյանի «արեւմտամետ» քարոզիչներն այդ միության մասին խոսում են գրեթե հայհոյանքով:

Վերջապես, անդրադառնանք վարչապետի ելույթի հիմնական արձանագրմանը, ըստ որի, Ռուսաստանը առանցքային գործոն է տարածաշրջանում անվտանգության համար: Ես դրա հետ լիովին համաձայն եմ՝ ուրիշ հարց, ես չէի ուզենա, որ այդպես լիներ: Բայց իշխանության վերոհիշյալ կողմնակիցները, կարծում եմ, դրա հետ համաձայն չեն: 

Իհարկե, շատ լավ կլիներ, որ Արցախում ռուսական զորքի անհրաժեշտություն չլիներ, եւ մենք կարողանայինք ինքներս ապահովել մեր հայրենակիցների անվտանգությունը: Շատ ցանկալի կլիներ, որ Թուրքիայի հետ երկխոսությունը մենք կարողանայիք վարել առանց միջնորդների: Հրաշալի կլիներ, որ մենք Ռուսաստանից այսչափ կախված չլինեինք: Բայց իրողությունները շատ ավելի դաժան են, քան մեր ցանկությունները, եւ Հայաստանի իշխանությունը ստիպված է հաշվի նստել այդ իրողությունների հետ, որոնք ստեղծվել են նաեւ այդ նույն իշխանության մեղքով:

Չեմ հասկանում միայն, թե որն է իմաստը ներքին քարոզչության կամ որեւէ այլ նպատակով հերքել այդ իրողությունները եւ խոսել ինչ-որ ֆանտաստիկ հեռանկարների մասին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր