211652_close_icon
views-count1063 դիտում article-date 11:07 07-09-2022

«Հայաստանը երախտապարտ է Ճապոնիային». Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆումիո Կիշիդային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ուրախ եմ արձանագրել, որ անցած երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորվել են փոխադարձ հարգանքի, բարի կամքի և փոխշահավետության վրա հիմնված բարեկամական հարաբերություններ, որոնք վերընթաց զարգացում են ապրում: Պատրաստակամ ենք այսուհետ ևս ուղղել մեր ջանքերը Ճապոնիայի հետ ակտիվ համագործակցությունը խորացնելուն:

Հայաստանը երախտապարտ է Ճապոնիային անցած 30 տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության համար, որը մեծապես նպաստել է Հայաստանի տարբեր ոլորտների զարգացմանը: Վստահ եմ, որ մեր երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսությունը և բարձրաստիճան փոխայցելությունները, տնտեսական և մշակութային կապերը, ամրապնդվող իրավապայմանագրային բազան և մի շարք այլ ոլորտներում առկա փոխգործակցությունը թույլ կտան նոր բովանդակություն և որակ հաղորդել վերելք ապրող մեր երկկողմ հարաբերություններին:

Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և երջանկություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

Նմանատիպ նյութեր