211652_close_icon
views-count43926 դիտում article-date 18:43 06-09-2022

Քեզ բացակա չենք դնի. Ծնունդդ շնորհավո՛ր, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, չարենցավանցի Արսեն Նահապետյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած  հերոս Արսեն Հովհաննեսի Նահապետյանը ծնվել է 2001թ.-ի սեպտեմբերի 6-ին, Չարենցավանում։

Արսենը ընտանիքի 4-րդ զավակն էր' սպասված ու սիրված բոլորի կողմից։ Արսենն ուներ իր աշխարհն այս աշխարհում. ստեղծագործում էր, սիրում էր քանդակագործել, թղթից հետաքրքիր իրեր էր պատրաստում...հաճախում էր շախմատի խմբակ, ուներ լուրջ ձեռքբերումներ։ Բարի էր, ընկերասեր ու աշխատասեր։ Պատրաստակամ օգնում էր բոլորին։

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական հումանիտար տեխնիկական քոլեջ։ Ուսումը կիսատ թողնելով' մեկնեց ծառայության։ Ծառայել է Մատաղիսում։ Ծառայության 8-րդ ամսում սկսվեց չարագույժ պատերազմը ու խլեց մեզանից ամենաթանկը' մեր հոգին ու ապրելու ուժը։

Հայրենասեր հայորդին անձնվեր ծառայեց հայրենիքին ու անվերապահ սիրով ու նվիրումով օգնեց ծառայակիցներին 44 -օրյա դժոխքը հաղթահարել։ Արկերի պայթյունի տակ, թշնամու մահաբեր կրակն անտեսելով' առաջինն ինքն էր նետվում մարտի, ինքն էր սեփական անվտանգությունն անտեսելով, օգնում բոլորին։

Զրահաբաճկոնի պաշտպանիչ շերտը հանում էր, փոխարենը հաց էր դնում և հասցնում ընկերներին, բաճկոնն ու սաղավարտը տալիս էր վիրավոր զինվորին, հացի վերջին պատառը կիսում էր նրանց հետ։ Թշնամու դեմ երկար պայքարից հետո հոկտեմբերի 15-ին Արսենը դարձավ հավերժի ճամփորդ' հավերժ կենդանի մնալով մեր սրտերում։

Փառք ու խոնարհում, անձնվեր հերոս ...
Քո սխրանքն անմահ է...
Քո անունը մեր սրտերում...


Լուսանկարները՝ Սարգիս Մաթևոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր