211652_close_icon
views-count963 դիտում article-date 11:43 06-09-2022

Շոուն պետք է շարունակվի՞․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երեկ նայեցի «Կվարտալ-95» ուկրաինական հումորային հաղորդաշարի (որը մի քիչ նման էր մեր «32 ատամ»-ին կամ «Վիտամին»-ին) եւ «Ժողովրդի ծառան» քաղաքական սերիալի մի քանի հատվածներ: Իհարկե, կարող եք կռահել, թե ինչու որոշեցի նայել այդ՝ ճաշակի տեսակետից բավականին վիճելի հեռուստաշոուները: Պատճառը պարզ է. երեկ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ «Քաղաքապետը» մոնո-ներկայացմամբ վերադառնում է բեմ: Կարծում եմ, որ դա նաեւ հասարակական եւ գուցե՝ քաղաքական ասպարեզ վերադառնալու հայտ է:

Զուգահեռը Զելենսկու հետ, ըստ իս, ակնհայտ է՝ դերասանը, շոումենն օգտագործում է իր մասնագիտության շնորհիվ ձեռք բերած ռեսուրսը՝ քաղաքականության մեջ հաջողության հասնելու համար: Կա նաեւ տարբերություն. Վլադիմիր Զելենսկին իր դերասանական խաղով եւ քաղաքական սքեթչերով կարողացավ հասնել իշխանության բարձունքներին: Մարությանը նույնպես, լինելով սիրված շոումեն եւ սիրված հռետորի զինակից, հեշտությամբ կարողացավ դառնալ քաղաքապետ, բայց հիմա, երբ վարչապետն իրեն հեռացրեց այդ պաշտոնից, վերադառնալ քաղաքականություն՝ դերասանական խաղով, շատ ավելի բարդ խնդիր կլինի:

Իսկ ընդհանրապես՝ մասնագիտության միջոցով՝ դերասանական արվեստով կամ լրագրությամբ, իշխանության հասնելու համար պայքարելը նորմալ է, մարդկության պատմության մեջ նման դեպքերը բազմաթիվ են: Ամբողջ խնդիրն այն է, թե արդյոք մարդը, իշխանության գալով, շարունակում է մնալ դերասան կամ լրագրող, թե դառնում է պետական գործիչ: Զելենսկին այդ առումով դրական օրինակ է: Նա դարձել է իրական ազգային առաջնորդ, որը Ռուսաստանի ագրեսիայի պայմաններում կարողացել է ուկրաինացիներին համախմբել՝ որպես քաղաքական ազգ, որի մեջ մտնում են էթնիկ ուկրաինացիները, ռուսները, հայերը, հրեաները եւ այլոք:

Հայաստանի ներկայիս վարչապետը՝ հակառակը, շարունակում է գործել որպես սպեցիֆիկ ժանրի լրագրող, որին առաջին հերթին հետաքրքրում են սկանդալները, սենսացիոն բացահայտումները, կոմպրոմատները: Հիշո՞ւմ եք, թե ինչպիսին էր արձագանքը, երբ նույն Հայկ Մարությանը փորձեց որոշակի ինքնուրույնություն դրսեւորել: Միանգամից «սարսափելի կոմպրոմատ» հրապարակվեց՝ քաղաքապետը, պարզվում է, հանդիպել էր Սեյրան Օհանյանի հետ: Դա լրագրողի պատասխանն էր դերասանին: 

Միանգամայն սպասելի է, որ իշխանության եւ ընդդիմության քարոզիչները միահամուռ եւ մոտավորապես նույն փաստարկներով կսկսեն քարկոծել նախկին քաղաքապետին: Բայց այդ փորձությանը, կարծում եմ, պարոն Մարությանը կդիմանա»:

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր