211652_close_icon
views-count698 դիտում article-date 11:57 06-09-2022

ԵՄ գագաթաժողովում նախատեսվում է քննարկել Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) ստեղծման գաղափարը․ «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ռուսաստանի հետ առճակատումը ստիպելու է բավականին լուրջ որոշումներ կայացնել ԵՄ հիմնարար սկզբունքների շուրջ։ Կարեւոր հարցերից է լինելու, թե ինչ սկզբունքով են ԵՄ-ում որոշելու վետոյի իրավունքից հրաժարումը։

Սովորաբար Եվրոպան վերադառնում է միության ներսում գլոբալ փոփոխությունների անհրաժեշտության գաղափարներին ճգնաժամի պահերին, սակայն բոլորն էլ գիտակցում են, որ ԵՄ հիմնարար փաստաթղթերի փոփոխություններին հասնելն ամենեւին էլ հեշտ չի լինի։ Նշենք, որ ամենից հաճախ քվեարկության ժամանակ վետոյի իրավունքից օգտվել է Հունգարիան։ Այդ երկրից բացի ինքնիշխանության խիստ սահմանափակման հետ կապված կոշտ դիմադրություն է ցույց տալիս Լեհաստանը։ Վետոյի իրավունքի վերացումը էական փոփոխություններ է առաջացնելու «եվրոպական ընտանիքում»։

Ի վերջո, հավասարության այն մոդելը, որը դրվել է վերպետական այդ միավորման հիմքում, էական ճաքեր կտա. վետոյի իրավունքը թույլ էր տալիս միության բոլոր անդամներին՝ անկախ տնտեսական, քաղաքական կամ այլ առավելություն ունեցող դիրքեր ունեցող միության բոլոր անդամներին ունենալ «պողպատյա լծակ» որոշումների ընդունման հարցում։ Պարզ մեծամասնություն պահանջող համակարգում կանտեսվեն որեւէ երկրի կամ երկրների տեսակետները, մոտեցումները եւ բացահայտ կդրսեւորվեն այն երկրների շահերն ու հետաքրքրությունները, որոնք ցանկանում են «առաջինը լինել հավասարների մեջ»։

Նշենք, որ հոկտեմբերին Պրահայում կայանալիք Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովին ի թիվս մի շարք երկրների՝ հրավիրվելու են նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը։ Գագաթնաժողովին մասնակցելու հրավեր կստանան Շվեյցարիան ու Նորվեգիան, որոնք թեեւ ԵՄ անդամ երկրներ չեն, սակայն ինտեգրված են միասնական շուկային: Կհրավիրվեն նաեւ ԵՄ-ին անդամակցել ցանկացող 9 երկրներ՝ Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը, Ալբանիան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Մոնտենեգրոն, Կոսովոն, Հյուսիսային Մակեդոնիան եւ Սերբիան: 

Միջոցառմանը նախատեսվում է քննարկել Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) ստեղծման գաղափարը, որի ձեւաչափը ենթադրում է փոխգործակցություն այն երկրների հետ, որոնք դիտարկում են ԵՄ-ին հնարավոր անդամակցության հարցը։ Մեկ շաբաթ առաջ Պրահայում կայացած ԵՄ նիստում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել էր, որ նախատեսվում է ստեղծել մի կազմակերպություն, որը կարող է իր շարքերն ընդունել Ուկրաինային, ինչպես նաեւ ԵՄ-ից դուրս եկած Մեծ Բրիտանիային»։

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր