211652_close_icon
views-count720 դիտում article-date 10:37 03-09-2022

Դարաշրջանների խզվածք․ խոսենք այնպես, որ մեզ հավատան․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Պատերազմի մասին գրականությունը լինում է մի քանի տեսակի՝ 1/ «պացիֆիստական», որը պնդում է, որ պատերազմը միշտ, բոլոր պարագաներում չարիք է (այդպիսին էր որոշ ժամանակ Հայաստանում եւ մասամբ՝ անգամ Ադրբեջանում, «արեւմտամետ – հ/կ-ական» գիծը), 2/ «ուռա-հայրենասիրական», որն ասում է՝ «այո, մենք զրկանքներ կրեցինք, բայց այդ ընթացքում ուժեղացանք» (1994-2018 թվականին հենց դա՛ էր մեր երկրում պաշտոնական քարոզչության մեխը), 3/ ցինիկ-երգիծական, որը ցույց է տալիս պատերազմի անհեթեթությունը, ապուշությունը (Յարոսլավ Հաշեկ):

Այդ երեք ուղղությունների գրական երկերը կարելի է գտնել գրականության պատմության տարբեր ժամանակահատվածներում:

20-րդ դարում երկու համաշխարհային պատերազմների արանքում ի հայտ եկավ մի նոր ժանր, որի իմաստը ոչ այնքան ռազմական գործողություններն են, որքան դարաշրջանների փոփոխությունը՝ այդպիսիք են Ռեմարկի հայտնի ստեղծագործությունները: Իմ կարծիքով, այստեղ թեման անհատի դերի նվազումն ու սպառողական, օգտապաշտական (ուտիլիտար) մտածողության հաղթանակն է:

Արամ Պաչյանի «Ցտեսություն, ծիտ» վեպը բուն պատերազմի մասին չէ: Դա այսօր ակտիվ գործող սերնդի (միջին տարիքի մարդկանց) պատերազմի՝ Արցախյան առաջին պատերազմի եւ դրա հետեւանքների ընկալումն է: Սերունդ, որի մանկությունն անցել է «ցրտի-մթի» ժամանակ: Սերունդ, որը բանակ է գնացել, երբ այնտեղ տիրում էին «դաշտային հրամանատարների» բարքերը: Վեպում ներկայացված է սադիստ հրամանատար, որը խոշտանգում է զինվորներին եւ զուգահեռաբար խոսում է «իմացյալ մահ անմահությունից, հողեր-մողերից, սրբացումից, զտարյուն գենից, բացառիկ արյունից եւ պարծանք բանակից»:

Այսինքն՝ ներկայացրած են այն միֆերը, այն, թող թույլ տրվի ասել՝ «կոդերը», որոնք վարկաբեկվել են նույն 1994-2018 թվականներին: Վարկաբեկվել են հիմնովին եւ, կարծում եմ, վերջնականապես: Հիմա, եթե մեկը փորձի խոսել այդ լեզվով, մեծամասնության կողմից կասոցացվի եթե ոչ սադիստ սպայի, ապա կաշառակերի, գռփողի, «բեսպրեդելշիկի» հետ: Դա է, ի դեպ, պատճառներից մեկը, թե ինչու մեր հասարակությունը պատրաստ չէր հաջորդ պատերազմին: 

Այդ յուրահատուկ «ազգայնականության» դարաշրջանն, այդպիսով, ավարտվել է: Չէր կարող չավարտվել, որովհետեւ այդպիսի ազգայնականությունը պահանջում է իշխողների ծայրահեղ մաքրություն, ասկետիզմ, անսահման, ինքնամոռաց նվիրվածություն, որը մեր վերնախավում չի եղել եւ չկա: Թե ինչ դարաշրջան ենք մենք թեւակոխել, առայժմ պարզ չէ: Բայց պարզ է, որ մենք պետք է հաջորդ սերունդների հետ խոսենք հայրենիքի, այն սիրելու եւ պաշտպանելու մասին: Խոսենք այնպես, որ մեզ հավատան»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր