211652_close_icon
views-count1432 դիտում article-date 10:13 03-09-2022

«Մարտի 1»-ի գործը, ըստ էության բացահայտված է». Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 83. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2008 թվականի մարտի 1-ի դեպքերի բացահայտման անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանը խոսել է վարչապետ դառնալու հենց առաջին օրվանից եւ տարբեր առիթներով: Իր վարչապետության 100-ամյակի առիթով հրավիրված հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր. «Բացառում եմ, որ որեւէ մեկը կխուսափի մարտի 1-ի 10 քաղաքացիներին սպանելու եւ ՀՀ-ում պետական հեղաշրջում իրականացնելու պատասխանատվությունից:

Չի կարող լինել այդպիսի բան, եւ խնդրում եմ հաստատեք, որ թույլ չեք տա, որ որեւէ ոճրագործ, Հայաստանի քաղաքացու արյունը հեղած որեւէ մարդասպան խուսափի պատասխանատվությունից: Նստելու եք, բոլոր մարդասպաններով նստելու եք, եւ սա լիազորված եմ հայտարարել Հայաստանի Հանրապետության ժողովրդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անունից»: Ապա նա մի քանի անգամ տարբեր առիթներով հայտարարել է, թե «Մարտի 1»-ի գործն ամբողջությամբ բացահայտված է: Նույն 100-օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ՝ օգոստոսի 17-ին, նա հայտարարեց. «Լսել եմ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունները, որոնք հնչել են նրա հարցազրույցներում: Հայտնի դարձած տեղեկատվության իմ մեկնաբանությունը հետեւյալն է. «Մարտի 1»-ի գործը, ըստ էության բացահայտված է»,- հայտարարել էր նա: Տարիներ անց նա սկսեց իր համար սկզբունքային հարցից կամաց-կամաց հետ կանգնել եւ մանեւրել: 2021 թվականի մարտի 1-ին նա հայտարարեց. «Ճիշտ է՝ մարտի 1-ին կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում տեղի է ունեցել դա, բացահայտված է»։

Ի՞նչ է նշանակում՝ ֆոնը բացահայտված է: Սա դեռ վերջը չէ. արդեն ապրիլի 14-ին նա հայտարարեց. «Ես չգիտեմ, թե այդ քրեական գործի հատորները ինչ կարգավիճակ ունեն հիմա, բայց բացահայտում ասելով՝ մենք նկատի ունենք ճշմարտության բացահայտումը: Ի վերջո, այդ նյութերը կան, նյութերը չեն այրվելու, ես ենթադրում եմ, որ դրանք մի իքս պահի ունենալու են այնպիսի կարգավիճակ, որ կարող է ուղղակի հրապարակվել, եւ դուք կտեսնեք՝ «Մարտի 1»-ի գործը ամենայն մանրամասնությամբ բացահայտված է»:

Թե ինչն է Փաշինյանը բացահայտում համարում, անհասկանալի է, բայց փաստ է, որ այս պահի դրությամբ 10 զոհերին սպանելու համար ոչ ոք ճաղերի հետեւում չէ, «Մարտի 1»-ի գործն էլ բացահայտված չէ: Ստացվում է՝ Փաշինյանը հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր