211652_close_icon
views-count3430 դիտում article-date 09:45 03-09-2022

ԽՍՀՄ-ը փլուզած առաջնորդը տեսավ պուտինյան Ռուսաստանի անկումը․ «Ամերիկայի ձայն»

ԽՍՀՄ նախկին առաջնորդ Միխայիլ Գորբաչովի մահը տեղի ունեցավ Ռուսաստանի պատմության վճռորոշ պահին։ Հասարակությունն այդ պատճառով այսօր մեծապես է բաժանված գրեթե բոլոր հարցերում: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

ԽՍՀՄ-ի վերջին նախագահ Գորբաչովը մահացավ, երբ Ռուսաստանը հերթական անգամ բռնեց ավտորիտար կառավարման ուղին ու այն պահին, երբ Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելով, չի կարողանում գտնել դրանից դուրս գալու ճանապարհը:

Առանց Գորբաչովին մեծապես փառաբանելու, մեծաթիվ վերլուածաբաններ են այն կարծիքին, որ այսօրվա Ռուսաստանը շատ առումներով մերժում է այն, ինչի հիմքերն էր ուզում դնել Գորբաչովը:

Կարնեգի հաստատության Մոսկվայի կենտրոնի քաղաքական վերլուծաբան Անդրեյ Կոլեսնիկովը «Սկայպ»-ի միջոցով «Ամերիկայի Ձայն»-ին ասել է.

«Այստեղ որոշակի պարադոքս կա. Գորբաչովը ազատություն տվեց մեզ բոլորիս, այսօրվա ավագ սերնդին ու նրանց պատկանող զավակներին: Բայց նրանք ատում են Գորբաչովին այս ազատության համար։ Գորբաչովը պատուհան բացեց դեպի աշխարհ, բայց մեզ այս աշխարհը կարծես թե պետք չէ», ասում է նա։

Գորբաչովի մահը անհարմար թեմա է Կրեմլի համար: Նրա մահվան մասին հայտարարություններն էլ հնչում են շատ ցածրաձայն:

Գորբաչովը խորհրդանշում էր դեպի աշխարհ Ռուսաստանի դռները բացած առաջնորդ: Պուտինի կառավարությունն, ընդհակառակը, երկիրը տանում է հակառակ ուղղությամբ:

Փողոցում մարդկանց տեսակետները լիովին իրարամերժ են: Մի մասը երախտապարտ է Միության վերջին նախագահին, մյուս մասը նրան պարզապես համարում է ԽՍՀՄ-ի դավաճան: Նրան մեղադրում են Ռուսաստանը հանցագործությունների մեջ մխրճելու, դեպի տնտեսական ցնցումներ տանելու եւ քաղաքական ծանր պայմաններ հաստատելու մեջ:

Մոսկվաբնակ Յուրիի խոսքերով, «Միխայիլ Գորբաչովը մեծ մարդ էր, ով իր կառավարման օրոք բավականին բարդ աշխատանք է կատարել։ Նա իր վրա էր վերցրել Խորհրդային Միության պես երկիրը բարեփոխության ենթարկելու պատասխանատվությունը»,- ասում է նա:

Յուրիի համաքաղաքացի Ալեքսանդրի խոսքերով, «Գորբաչովը դավաճանել է ողջ ժողովրդին՝ և՛ ռուս, և՛ խորհրդային։ Նա մեծ երկիր է փլուզել»,- ասում է նա։

Մարիա անունով մոսկվացին նույնպես մեղադրում է Գորբաչովին խորհրդային պետությունը փլուզելու մեջ:

Սերգեյի խոսքերով էլ, Գորբաչովն այս պետությանն ազուտություն տված ղեկավարն է: «Բոլոր կառավարիչների մեջ նա միակն է, որը փորձեց ինչ-որ բան անել այս երկրում մշտական բռնապետությունը ավելի լավ կառավարմամբ փոխարինելու համար»,- ասում է նա:

Գորբաչովն իր վերջին տարիներն անցկացրեց հիվանդության դեմ պայքարելով, հիվանդություն, որի մասին մանրամասներ չեն հաղորդվում: Ազատության համը մատուցած Գորբաչովն ականատես եղավ պուտինյան Ռուսաստանին, ուր վերադարձել է ավտորիտարիզմը՝ փորձելով լիովին մթագնել ազատության արդեն իսկ մարող լույսը:

Նմանատիպ նյութեր