211652_close_icon
views-count20543 դիտում article-date 20:16 02-09-2022

Ես իմ բոլոր հաջողությունների համար շնորհակալ եմ Աստծուն, շնորհակալ եմ, որ ունեմ նման անուն, նման սպորտային կյանք. Լիանա Գյուրջյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երիտասարդ ծանրորդուհի, ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի և աշխարհի երիտասարդական առաջնությունների չեմպիոն, Եվրոպայի և աշխարհի տարբեր տարիքային առաջնությունների բազմակի մեդալակիր Լիանա Գյուրջյանը սպորտով սկսել է զբաղվել շատ վաղուց` 9-ը տարեկանից: Նախքան ծանրամարտով զբաղվելը, զբաղվել է ըմբշամարտով, բայց չի սիրել այդ սպորտաձևը:

Հարցին, թե ինչպես կոտրեցիք այն կարծրատիպը, որ աղջիկը չի կարող ծանրամարտով զբաղվել, պատասխանում է.
- Ես ու իմ ընտանիքը, ընդհանրապես, նման կարծիքների հետ չենք համաձայնվում: Ծնողներիս խորհուրդը մեկն է եղել, որ ինչ մասնագիտություն էլ ընտրելու լինեմ, դա անեմ ինչքան հնարավոր է լավ:

Իր ձեռքբերումների շարքում, երիտասարդ ծանրորդուհին առանձնացնում է առաջին անգամ Հայաստանի չեմպիոն դառնալը, իսկ միջազգային մրցաշարերում` Եվրոպայի չեմպիոն դառնալը:

2021թ. տեղի ունեցած մրցաշարերից մեկում Լիանան շրջանցեց թուրք մարզուհուն և կանգնեց պատվո հարթակի առաջին հորիզոնականին:

Հարցին, թե որքանով էր դա կարևոր իր համար, հետևում է նման պատասխան.

- Ինձ համար շատ կարևոր է հաղթել թուրք կամ ադրբեջանցի մարզիկներին: Դա պատիվ է, պատիվ է ոչ միայն ինձ համար, այլև հայ ազգի համար: Մարզական աշխարհում Լիանայի սիրելի կերպարը Տատյանա Կաշիրինան է:

Մարզուհին այս փաստին անդրադառնալով, նշում է.

- Փոքր տարիքից հետևում եմ թե՛ Տատյանային, թե՛ Հռիփսիմե Խուրշուդյանին, թե՛ Նազիկ Ավդալյանին: Իրենցից է սկսվել սերը ծանրամարտի նկատմամբ և իրենց հետևելով, ես սովորել եմ շատ բան:

Այն հարցին, թե ինչպես է սահմանում իր հաջողության բանաձևը, պատասխանում է.

- Ես շատ հավատում ու վստահում եմ Աստծուն, ու դա ինձ համար շատ կարևոր է: Ես իմ բոլոր հաջողությունների համար շնորհակալ եմ Աստծուն: Պետք է լինի աշխատասիրություն, տաղանդ, հավատ, ուժ, որ ստացվի ինչ-որ բան:

Լիանան, Հայաստանում ծանրամարտի զարգացման խնդիրներից, նշեց մարզերում և գյուղերում մարզադպրոցների բացակայությունը: Նպատակներից, մարզուհին չցանկացավ երկար խոսել, միայն ասաց, որ ցանկանում է արդյունքներ գրանցել և մեդալներ նվաճել նաև մեծահասակների աառաջնություններում:

Բայց Օլիմպիական ոսկե մեդալի մասին, ասում է.

- Պետք է արժանի լինել դրան, ամեն ինչ պետք է անեմ, որ արժանանամ: Դա հենց այնպես չի տրվում:

Առջևում ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունն է և աշխարհի մեծահասակների առաջնությունը: Մեջքի վնասվածքից հետո, Լիանան բուժվել է և 7ամիս անց կրկին պարապում է:

Առաջիկա մրցաշարերի հետ կապված` ասաց.

- Կաշխատեմ ինչ հնարավոր է անել, որպեսզի մեդալ նվաճեմ:

Վերջում նշենք, որ Լիանան ընդամենը 20 տարեկան է:

Հարցազրույցը՝ Անի Ղևոնդյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+