211652_close_icon
views-count693 դիտում article-date 09:01 02-09-2022

Ռեկտորներն անհանգստացած են. որ բուհերը կմիավորվեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա՝ ակադեմիական քաղաք ստեղծելու ու բուհերը երեւանին կպած Աշտարակ քաղաք տեղափոխելու հայտարարությունն իրականում ալեկոծել է բարձրագույն ուսումնական հաստատությունների մի շարք ղեկավարների հոգիները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ որոշ բուհերի ռեկտորներ անհանգստացած են, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը, որովհետեւ թվով 8 պետական բուհ թողնելը նշանակում է՝ մի շարք հաստատություներ օպտիմալացվելու ու միավորվելու են:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կառավարության հեռահար տեսլականներից է միավորել Հայաստանի Վ. Բրյուսովի անվան պետական, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարաններն ու Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը: Նշենք, որ բացի վերոնշյալ երեք բուհերի միավորումից, կառավարության ավելի վաղ ունեցած տեսլականներից էր նաեւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի եւ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի միավորումը:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Վահրամ Դումանյանի մամուլի քարտուղարին՝ տեղեկանալու, թե նման քննարկում կա արդյոք նախարարությունում, ինչին ի պատասխան՝ Գեղամ Մելիքբեկյանն ասաց. «ԿԳՄՍՆ ոլորտներին առնչվող ցանկացած հարց քննարկվում է ոչ միայն գերատեսչության ներսում, այլեւ բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Երբ կայացվում է որոշում, այդ մասին կատարվում է համապատասխան իրազեկում»:

ԿԳՄՍ-ն փաստացի չհերքեց հանգամանքը, որ նախարարության ներսում նման քննարկում եղել է կամ կա: Մնում է պատկերացնել, թե Աշտարակի մանկավարժական համալսարանի կրթական որակն ու ներգրավվածությունը ապագայում ինչպիսին կլինի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր