211652_close_icon
views-count1476 դիտում article-date 23:40 01-09-2022

Հայաստանում առողջապահական հաստատությունների միայն 69 տոկոսը ունեն հիգիենայի պայմաններ. ՅՈՒՆԻՍԵՖ

ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Համատեղ մշտադիտարկման ծրագրի (ՀՄԾ) ամենավերջին զեկույցի համաձայն՝ աշխարհի առողջապահական հաստատությունների կեսում՝ թե՛ հիվանդասենյակներում, թե՛ այդ հաստատությունների զուգարաններում, չկան հիգիենայի պայմաններ՝ ջրով և օճառով կամ ալկոհոլ պարունակող նյութերով ձեռքերը մաքրելու տարրական հարմարություններ: Այդ հաստատություններից օգտվում է շուրջ 3,85 միլիարդ մարդ, ինչը նրանց դնում է վարակվելու ավելի մեծ վտանգի տակ։ Ընդ որում՝ այդ մարդկանցից 688 միլիոնը բուժօգնություն է ստանում այնպիսի հաստատություններում, որտեղ ընդհանրապես չկան հիգիենայի պայմաններ։
 
«Առողջապահական հաստատություններում սանիտարահիգիենիկ պայմաններն ու պրակտիկան քննարկման ենթակա չեն: Դրանց բարելավումը խիստ կարևոր է համավարակները կանխելու և դրանց բռնկմանը պատրաստ լինելու համար։ Առողջապահական հաստատություններում հնարավոր չէ հիգիենա ապահովել առանց մաքուր ջրի, զուգարանների և բժշկական թափոնների անվտանգ աղբահանության ուղղությամբ ներդրում կատարելու», - ասել է դոկտոր Մարիա Նեիրան՝ ԱՀԿ Շրջակա միջավայրի պահպանության, կլիմայական փոփոխությունների և առողջապահության վարչության տնօրենը: - Անդամ պետությունները պետք է ընդլայնեն իրենց ջանքերը՝ իրականացնելու 2019թ. Առողջապահության համաշխարհային ասամբլեայի իրենց հանձնառությունը, որն է՝ հզորացնել ջրամատակարարման և սանիտարահիգիենիկ ծառայությունները և դրանց մշտադիտարկումը առողջապահական հաստատություններում»:
 
«Առողջապահական հաստատություններում ջրամատակարարման և սանիտարահիգիենիկ  պայմանների  20002021թթ.  գրանցված  առաջընթացը» խորագրով ամենավերջին զեկույցում, գնահատվել է հիգիենայի պայմանների հասանելիությունը առողջապահական խնամքի տրամադրման կետերում, ինչպես նաև զուգարաններում: Առաջին անգամ սահմանվել է հիգիենայի պայմանների հասանելիության համաշխարհային ելակետային մակարդակը, ընդ որում՝ այս տարի, նախորդ տարիների համեմատ, տվյալներ հավաքագրվել են ավելի շատ երկրներից: Հիգիենային առնչվող տվյալներ այժմ առկա են 40 երկրներից, այն է՝ աշխարհի բնակչության 35%-ի վերաբերյալ, մինչդեռ 2020թ. տվյալներ են տրամադրել 21 երկիր, իսկ 2019թ.՝ 14-ը։
 
Ըստ վերջին տվյալների, չնայած առողջապահական հաստատությունների 68%-ում խնամքի տրամադրման կետերում առկա են հիգիենայի պահպանման միջոցներ, իսկ 65%-ը զուգարաններում ունեցել են ջրով և օճառով ձեռքերը լվանալու հարմարություններ, երկրների միայն 51%-ն են ունեցել միաժամանակ երկուսը: Ընդ որում, աշխարհի մակարդակով ամեն 11 առողջապահական հաստատություններից 1-ը (9%-ը) չունի այդ պայմաններից ոչ մեկը:
 
«Եթե առողջապահական հաստատությունները չունեն հիգիենայի պատշաճ պայմաններ, ուրեմն հիվանդները չունեն առողջապահական պատշաճ ծառայություն, - ասել է Քելլի Անն Նեյլորը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ջրամատակարարման և սանիտարահիգիենիկ ծառայությունների, շրջակա միջավայրի պահպանության, աղետների ռիսկերի կրճատման գծով տնօրենը։ «Առանց անվտանգ ջրի և տարրական սանիտարահիգիենիկ պայմանների, հիվանդանոցները և կլինիկաները պոտենցիալ մահվան թակարդ են հղի կանանց, նորածինների և երեխաների համար։ Ամեն տարի շուրջ 670 000 նորածին է մահանում սեպսիսի պատճառով։ Սա աբսուրդ է, առավել ևս որ դա հնարավոր է կանխել»:
 
Զեկույցում նշվում է, որ վարակված ձեռքերն ու միջավայրը էական դեր են կատարում առողջապահական հաստատություններում ախտածին տարրերի փոխանցման և հակամիկրոբային դեղորայքի հանդեպ դիմադրողականության աճի հարցում։ Ջրով և օճառով ձեռքերը լվանալու և միջավայրը մաքրելու հարմարությունների հասանելիության մեծացմանն ուղղված միջամտությունները վարակների կանխարգելման և վերահսկողության ծրագրերի հիմնաքարն են և խիստ կարևոր նշանակություն ունեն որակյալ բժշկական խնամքի, մասնավորապես՝ անվտանգ ծննդաբերություն ապահովելու գործում:

Ջրամատակարարման և սանիտարահիգիենիկ պայմանների հասանելիությունը տարբերվում է ըստ տարածաշրջանի և ըստ երկրի եկամուտի.

  • Ամենաքիչ զարգացած երկրներում առողջապահական հաստատությունների միայն 53%-ն ունեն շենքի տարածքում գտնվող անվտանգ ջրի աղբյուր: Համեմատության համար նշենք` համաշխարհային ցուցանիշը 78% է, ընդ որում, հիվանդանոցներն այս առումով ավելի լավ վիճակում են գտնվում (88%), քան ավելի փոքր առողջապահական հաստատությունները (77%), մինչդեռ Արևելյան և Հարավարևելյան Ասիայի երկրների համար այս ցուցանիշը 90% է։ Իմիջիայլոց, քաղաքային շրջանների առողջապահական հաստատությունների շուրջ 3%-ը, իսկ գյուղական շրջանների առողջապահական հաստատությունների 11%-ը չունեն ջրամատակարարման ծառայություն։
  • Աշխարհում ամեն 10 առողջապահական հաստատություններից 1-ում սանիտարական պայմաններ չկան: Սանիտարական ծառայություններ չունեցող առողջապահական հաստատությունների համամասնությունը տատանվել է 3%-ից (Լատինական Ամերիկա, Կարիբյան ավազանի և Արևելյան ու Հարավարևելյան Ասիայի երկրներ) մինչև 22% տոկոսի (Ենթասահարյան Աֆրիկա) միջակայքում: Ամենաքիչ զարգացած երկրներում յուրաքանչյուր 5 առողջապահական հաստատությունից միայն 1-ն է (21%) ունեցել տարրական սանիտարական պայմաններ:
  • Բազմաթիվ առողջապահական հաստատություններում բացակայում են շրջակա միջավայրի մաքրման և առողջապահական թափոնների անվտանգ վերամշակման ու ոչնչացման տարրական ծառայություններ։
 
Զեկույցը հրապարակվել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում Ջրի համաշխարհային շաբաթվա կապակցությամբ ընթացող համաժողովին: Ամենամյա համաժողովը, որը տևում է օգոստոսի 23-ից սեպտեմբերի 1-ը, ուղղված է մարդկության ամենամեծ մարտահրավերներին դիմակայելու նոր ուղիների որոնմանը՝ պարենային անվտանգությունից և առողջապահության հասանելիությունից մինչև գյուղատնտեսություն, տեխնոլոգիաներ, կենսաբազմազանություն և կլիմայի փոփոխություն:
 
Իրավիճակը Հայաստանում՝
Տվյալները հիմնված են Հայաստանում 118 ստացիոնար բուժհաստատությունների և ատամնաբուժական կենտրոնների (ոլորտի հաստատությունների 60 տոկոսը) շրջանում 2017թ. հոկտեմբերից 2018թ. փետրվար ամիսներին արված մշտադիտարկման վրա:
  • Առողջապահական հաստատությունների 97 տոկոսը ունի հոսող ջրի մատակարարում և առողջապահական թափոնների անվտանգ աղբահանության համակարգ:
  • Առողջապահական հաստատությունների միայն 69 տոկոսը ունեն հիգիենայի պայմաններ՝ զուգարաններից մինչև հինգ մետր հեռավորության վրա գտնվող հոսող ջրով և օճառով տարրական հարմարություն:
  • Սանիտարական պայմանները բացակայում են հաստատությունների 19 տոկոսում:

Նմանատիպ նյութեր