211652_close_icon
views-count1088 դիտում article-date 10:43 01-09-2022

Ափ էին նետված մեր դիմագիծն ու մեր վերաբերմունքը Սևանի հանդեպ՝ պոլիէթիլենային շշեր, տոպրակներ, բաժակներ՝ քեֆ-ուրախության հետևանքը. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Եթե Սեւանի ներկայիս վիճակի մասին հակիրճ, ապա՝ լճի էկոհամակարգի պահպանման համար անհրաժեշտ նշաձողը՝ Սեւանա լճի մակարդակը բարձրացնել մինչեւ 1903.5 մ նիշը, այլեւս բավարար չէ լճի էկոհամակարգի կայունացման համար: Լճի մակարդակը պետք է բարձրացվի մինչեւ 1909 մ նիշը, որպեսզի լճի էկոհամակարգը կայունանա:

Սեւանա լճի մակարդակի ամենամյա իմ դիտարկումները նույն կետից (Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի պոմպակայանի հատված) տարբեր պատկերներ են արձանագրել։ Մինչ 2000-ականների բարձրացումը լճում երեւում էր պոմպակայանի խողովակը։ Բարձրացումից հետո այդ խողովակը ջրի տակն անցավ։ Հետո սկսեցի ըստ ծառաշարքերի նշումներն անել։ Այն, ինչն այդ տարիներին լճի մակարդակի բարձրացման հետեւանքով անհանգստացնում էր շատերին՝ ճահիճների առկայությունը, ինձ չէր հուզում։ Որովհետեւ դրանք ավազային ճահիճներ էին, եւ լճի մակարդակի հետագա բարձրացումից հետո, այսպես ասենք, մաքրվելու, զտվելու էին։ Բայց՝ բարձրացման պարագայում։ Ու գերխնդիրը դա էր։ Հետո… հետոն այն վիճակն է, որն ունենք այսօր՝ լճից ջրառ, մակարդակի իջեցում, ափամերձ շինությունների առկայություն, մաքրման կայանների խնդիր, լճի «ծաղկում»։ Եվ՝ մեր վերաբերմունքը լճի հանդեպ՝ անփույթ, անսրտացավ, հակահիգիենիկ, հանցավոր։

Լուսանկարներն արվել են օգոստոսի 1-15-ը՝ տարբեր օրերի՝ Ծովինարի, ինչպես գյուղացիներն են ասում, «աղվեսնոցի» ու «քերվըզի (քարվազ) քիթ» հատվածներում։  Ի տարբերություն Նորաշենից Սեւան հատվածի, որտեղ դիտարկում էի արել հուլիսի 16-17-ը, եւ որտեղ ջրիմուռներ էին ու գարշահոտ էր փչում, եւ ի տարբերություն Գավառի հատվածի, որտեղ լճի կապույտն էր կորել, Ծովինարի նշյալ մասերում ոչ գարշահոտ կար, ոչ էլ ջուրն էր կեղտոտ։ Ափ էին նետված ջրիմուռներ, ծառարմատներ ու փայտի կտորտանքներ, բայց ափից 8-10 մ այն կողմ ջուրն այնքան մաքուր էր, որ ոտքերդ ու հատակը երեւում էին։ Բայցեւ ափ էին նետված մեր դիմագիծն ու մեր վերաբերմունքը լճի հանդեպ՝ պոլիէթիլենային շշեր, տոպրակներ, բաժակներ, մի խոսքով՝ քեֆ-ուրախության հետեւանքը։ Ու, բնականաբար, մաքուր էին այն հատվածները, որտեղ ավազ չկար «քեֆչիների» բազմելու համար»։ 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր