211652_close_icon
views-count1366 դիտում article-date 10:19 01-09-2022

Համապատասխան քայլերի դեպքում ոչ միայն հնարավոր է ամոքել պարտության վերքերն, այլև պարտությունը վերածել հաղթանակի․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Արցախյան 44-օրյա պատերազմում հայկական կողմի պարտությունը առանցքային եզրագիծ էր, որն ինչ-որ առումով կանխորոշում է Հայաստանի մոտակա ապագան։ Եվ շատերն անգամ պարտությունը դիտարկում են որպես դատավճռի պես մի իրողություն, սակայն ժամանակակից աշխարհում տեղի ունեցող զարգացումները և դրանց փոփոխական միտումները ցույց են տալիս, որ համապատասխան քայլերի դեպքում ոչ միայն հնարավոր է ամոքել պարտության վերքերն, այլև պարտությունը վերածել հաղթանակի։ Այսինքն, չպետք է անընդմեջ կաղապարված մնանք պարտության կապանքներով։ Օրինակ՝ Ադրբեջանը, 26 տարի շարունակ հետևողականորեն զինվելով ու ավելացնելով ռազմական բյուջեն, հասավ նրան, որ պարտությունը վերածեց հաղթանակի։

Իսկ ի՞նչն է խանգարում մեզ այսօրվանից սկսած դնել ապագա հաղթանակի հիմքերը։ Բայց առաջին հերթին պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ մեր պետականության կշիռը վերականգնելու հիմնական գաղափարները պետք է ձևավորվեն հանրային ընկալումներում, քանի որ այլևս հնարավոր չէ հույս դնել կապիտուլ յացիոն պայմանների տակ ստորագրած իշխանությունների վրա, որոնք ամեն ինչ անում են պարտության պայմաններին համապատասխան գործելը ստեղծված իրավիճակում որպես միակ ելք կամ լավագույն տարբերակ ներկայացնելու քաղաքականությունը։ Ուստի հասկանալի է, որ Հայաստանի ուժերի վերականգնման ուղին անցնելու է իշխանափոխության ճանապարհով։

Եվ ուշագրավ է, որ երբ ընդդիմադիր ուժերը իշխանություններին հեռացնելու օրակարգով շարժում ձևավորեցին, այդ նախաձեռնությանը ոչ այնքան թվով մարդիկ էին մասնակցում, ինչքան որ անհրաժեշտ էր շարժման նպատակներին հասնելու համար կամ, ավելի ստույգ, ինչքան պարզ տրամաբանությամբ ակնկալվում էր պարտություն բերած ու բերող իշխանությանը հեռացնելու գործում։ Այն ժամանակ շրջանառության մեջ էին դրվում թեզեր, թե իբր դրա պատճառն այդ շարժման կազմակերպիչներն են, այսպես ասած, նախկին իշխանություններն են, նախկին երկու նախագահներն են և այդպես շարունակ։ Բայց հետագայում, նաև այդ օրերին իշխանափոխության օրակարգով առանձին գործիչներ ևս հավաքներ հրավիրեցին, ինչո՞ւ անհրաժեշտ քանակությամբ քաղաքացիներ չմիացան այդ նախաձեռնություններին։ Օրինակ՝ Լեհաստանում նախկին դեսպան Էդգար Ղազարյանը օրերս հանրահավաք էր հրավիրել, որը ևս սակավամարդ էր։ Տվյալ դեպքերում էլ ասում են, թե մարդիկ հոգնել են տարբեր քաղաքական նախաձեռնություններից կամ չեն համակրում այս կամ այն գործչին։

Եթե այդպես է, ապա երբ զոհված զինծառայողների ծնողներն են հավաք կազմակերպում իրենց պահանջներն իրավապահներին ներկայացնելու համար, ինչո՞ւ մարդիկ չմիացան նրանց, և նույն իներտ հանրային վերաբերմունքը դիտարկվեց նաև նրանց նկատմամբ։ Իրականում ընդդիմադիր ուժերը լուրջ վերլուծություն անելու կարիք ունեն, թե ինչու է հասարակությունը գտնվում այսպիսի վիճակում, որպեսզի հնարավոր լինի հասկանալ, թե ինչ մոտեցում պետք է որդեգրել առաջիկայում, ինչ ծրագրերով պետք է առաջնորդվել և ինչ լեզվով պետք է խոսել հանրության հետ։ Թերևս հարցը հաճախ դիտարկվում է մակերեսային մակարդակով, սակայն հանրային նման տրամադրությունները ավելի խորքային և գլոբալ պատճառներ ունեն, և իրականում խնդիրը ո՛չ հավաքների կազմակերպիչներն են, ո՛չ նախկիններն են, ո՛չ էլ, ընդհանրապես, անձերը կամ ուժերը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
 

Նմանատիպ նյութեր