211652_close_icon
views-count2499 դիտում article-date 09:13 31-08-2022

Ռուսաստանը հեռու է ժամանակակից պատերազմ վարելու ունակությունից ու կարողությունից. փորձագետներ․ «Ամերիկայի ձայն»

Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ հեռու է ավարտվելուց, ռազմական գործողությունների ընթացքը փորձագետներին թույլ է տալիս հանդես գալ լուրջ եզրակացություններով: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Վաշինգտոնի Բրուքինգսի հաստատությունում վերջերս անցկացված քննարկումների ժամանակ փորձագետները միակարծիք էին, որ 21-րդ դարում Ռուսաստանն Ուկրաինայում փաստացիորեն օգտագործում է անցած դարաշրջանի մարտավարություն։ Նրանցից Մայքլ Օ'Հենլոնը համաձայն է ռուս զինվորականների գործողությունների վերաբերյալ Washington Post-ի հեգնական գնահատականի հետ առ այն, որ «Սա արդյունաբերական դարաշրջանի պատերազմ է»:

Աշխարհն այսօր տեսնում է անցյալ դարի կեսերի մարտավարությունը, հեշտությամբ ոչնչացվող տանկերի զանգվածային կիրառմամբ, քաղաքների դեմ հրետանային հարձակումներով:

«Եվ առաջինը, որ գրավում է ձեր ուշադրությունը, ռուսական ոչնչացված զրահատեխնիկայի քանակն է», - նշում է ԱՄՆ-ի ծովային հետևակի կորպուսի պաշտոնաթող փոխգնդապետ Էմի Մաքգրաթը, որը քսան տարի ծառայել է ծովային հետևակային կորպուսում որպես F-18-ի օդաչու: Նա հիշեցնում է, որ ուկրաինական պատերազմի ընդամենը կես տարվա ընթացքում արդեն ոչնչացվել է ռուսական 1500-ից մինչև 1900 ժամանակակից տանկ, ինչպես նաեւ ավելի մեծ թվով այլ զրահամեքենաներ, ինչը կասկածի տակ է դնում նման տիպի զենքի ապագան:

Այսօր Միացյալ Նահանգների ծովային հետեւակի կորպուսը (USMC) քայլեր է ձեռնարկում 10 տարվա ընթացքում համապարփակ վերակազմավորման ուղղությամբ: Ծովային հետեւակի կորպուսի հրամանատար, գեներալ Դեյվիդ Բերգերը վերջերս էր հայտարարել Force Design 2030 նախաձեռնության մասին, որը նախատեսված է վերաձեւավորելու միասնական, ինտեգրված ծովային էքսպեդիցիոն ուժերը: Այս ուժերն օգնում են հեռավոր վայրերում` թշնամու գոտում գործողություններ իրականացնելու համար:

Մայքլ Օ'Հենլոնը կարծում է, որ ծովային հետեւակը կազատվի դաշտային հրետանուց, զրահամեքեաներից եւ ավելի շատ կօգտագործի այն համակարգերը, որոնք ուկրաիանական ուժերն այսօր կիրառում են ընդդեմ ռուսական ենթակառուցվածքների: Խոսքը մեծ ճշգրտության հրթիռային համակարգերի, հարվածային անօդաչու թռչող սարքերի մասին է:

«Դեսանտային հսկա նավերի ժամանակը, հավանաբար, ավարտվել է: Մենք պետք է կարողանանք գործել «ցրված» միջավայրում։ Եվ տանկային պատերազմը մեզ ավելի ու ավելի քիչ է ոգեշնչում»,- ասում են ռազմական փորձագետները։

Ըստ փորձագետների, ծովային հետևակի նոր հայեցակարգը հակված է այս տեսակի զորքերին տեսնել որպես մի ուժ, որն ունակ է արագ հանգցնել հանկարծակի կրակը, որտեղ էլ այն բռնկվի:

Ծովային հետեւակային կորպուսի վերակառուցումը պիտի ունենա «թշնամու հաշվարկները» չեզոքացնելու և նրան խաղից արագ դուրս մղելու նպատակ: Այս մասին է ասում գեներալ Բերգերը Washington Post թերթին տված հարցազրույցում: Ծովային հետեւակայինները կլինեն «ափամերձ մարտական ստորաբաժանումներ, որոնք «անընդհատ կվերաբաշխվեն ու կլինեն շարժման մեջ»՝ դժվարացնելով իրենց հայտնաբերումը: Իսկ ծանր զրահատեխնիկան այս ուժերի համար կկորցնի իր կարեւորությունը: «Մեզ անհրաժեշտ կլինեն ճշգրիտ կառավարվող զենքեր, հրթիռային հրետանու, հրթիռների և օդային համակարգերի լավագույն համակցություն»,- ասում է գեներալ Բերգերը:

«Խոշոր, ծանր, արագ մանեւրելու ուժերրը երբեմն հայտնվում են անբարենպաստ վիճակում՝ ի տարբերություն համեմատաբար փոքր, արագաշարժ ստորաբաժանումների: Ուկրաինայի զինված ուժերը հիանալի աշխատանք են կատարում, տվյալների հավաքագրման տարբեր միջոցներ օգտագործելով, հեռու տարածությունից բարձր ճշգրտությամբ հարվածներ հասցնելու համար: Սա օրինակելի է նաեւ ԱՄՆ-ի համար»,- ասում են ռազմագետները:

«Ռուսաստանը փորձեց բիրտ ուժ կիրառել՝ պատերազմի սկզբում կիրառելով հրետանային ուժեր, որպեսզի կարողանար դանդաղ առաջ շարժվել Ուկրաինայի արեւելքում: Սա կարող է դիտվել որպես նշան, որ արդյունաբերական պատերազմների դարաշրջանը դեռ անցյալում չէ»: Բերգերի խոսքերով. «Ռուսաստանը հարձակումներ է գործում ընդդեմ խաղաղ բնակչության, ավերում քաղաքներ․․․ Բայց ի վիճակի չէ ճշգրիտ հարվածներ հասցնել Ուկրաինայի զինված ուժերին»։

Նմանատիպ նյութեր