211652_close_icon
views-count937 դիտում article-date 10:49 30-08-2022

Անատամ դիվանագիտությունը՝ պարտության շարունակականության պատճառ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում ակտիվ վերադասավորումներ են ընթանում, բայց, որպես կանոն, մենք բախվում ենք այնպիսի խնդրի, որ Հայաստանը կա՛մ միշտ հետ է ընկնում առկա գործընթացներից, կա՛մ արտաքին ճակատում ձախողումներ է արձանագրում, քանի որ, ինչպես հարկն է, չի գործում դիվանագիտությունը և արտաքին քաղաքական ճկունությունը։ Իսկ ահա, օրինակ՝ Թուրքիային և Ադրբեջանին հաջողվում է խաղալ երկու լարի վրա և օգտվել ստեղծված բարդ միջազգային իրավիճակից։

Մի կողմից՝ նրանք հայտարարում են, թե ճանաչում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և աջակցում Ուկրաինային, սակայն մյուս կողմից էլ ակտիվ երկխոսության մեջ են Ռուսաստանի հետ։ Հատկապես ուշագրավ է, որ թուրքական դիվանագիտությունը կարողացել է հասնել նրան, որ հենց Անկարան ստանձնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդի դերը, ու հիմա թուրքական կողմի ակտիվ մասնակցությամբ է ուկրաինական հացահատիկը Սև ծովով դուրս բերվում դեպի արտաքին աշխարհ։

Զուգահեռաբար Անկարան փորձում է զիջումներ կորզել Արևմուտքից՝ դեմ արտահայտվելով Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության հարցում։ Թուրքական դիվանագիտությունը գործի է դրել իր զինանոցը՝ բոլոր ուղղություններով դիվիդենտներ շահելու ակնկալիքով։ Առկա միջազգային իրավիճակի ֆոնին շատերը կարող են ասել, թե Հայաստանը պարտված երկիր է, ինչպե՞ս կարող է դիվանագիտության միջոցով հաջողությունների հասնել։ Բայց պատմության մեջ օրինակները բազմաթիվ են, թե ինչպես է պարտված երկիրը արտաքին քաղաքական ձեռքբերումների հաշվին դուրս եկել նվազագույն կորուստներով։

Տեսեք, Ադրբեջանը խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ վերահսկողություն հաստատեց Բերձորի և շրջակա գյուղերի վրա, որի արդյունքում այդ բնակավայրերը հայաթափվեցին, սակայն որևէ երկիր կամ միջազգային կառույց չդատապարտեց Բաքվին կամ չմեղադրեց եռակողմ հայտարարության խախտման մեջ, այնինչ դրա համար բոլոր հիմքերը առկա էին։ Իսկ ամիսներ առաջ Փաշինյանն իր առցանց հարցազրույցում նախօրոք լեգիտիմացնում էր հակառակորդի գործողությունները՝ հայտարարելով, թե այդ տարածքները հանձնվելու են Ադրբեջանին։ Եվ ուշագրավ է, որ այս գործընթացները տեղի են ունենում այնպիսի իրավիճակում, երբ փաստացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը, այն է՝ Արցախյան հակամարտության կարգավորման միջազգային մանդատը, չի գործում։ Ու երբ օրերս ԱՄՆ-ը նոր համանախագահ նշանակեց, մեզանում այն սկսվեց գնահատվել որպես լուրջ քայլ Մինսկի խմբի վերակենդանացման համար, սակայն նշանակումը դեռ չի ենթադրում, թե համանախագահության ինստիտուտը սկսելու է գործել։

Պատերազմի ավարտից անմիջապես հետո ՀՀ իշխանությունները, Փաշինյանի գլխավորությամբ հավաստիացնում էին, թե ձեռնամուխ են լինելու, որ համանախագահների հովանու ներքո բանակցային գործընթացը շուտափույթ վերսկսվի, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ։ Բացի դրանից, եթե նույնիսկ ինչ-որ պահի համանախագահության ինստիտուտը սկսի գործել, միևնույնն է, Ադրբեջանն արդեն հաջողացրել է ստանալ իր ուզածը, ու հայկական կողմի համար ժամանակի կորուստն ակնհայտ է։ Բացի դրանից, տեղի ունեցող իրադարձությունները տպավորություն են ստեղծում, որ ՀՀ իշխանությունները առաջ են շարժվում բացառապես թուրք-ադրբեջանական պահանջներին համապատասխան, և ընդհանրապես չկան թուրք-ադրբեջանական հավակնություններին հակազդելու քայլեր»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր