211652_close_icon
views-count1052 դիտում article-date 11:07 19-08-2022

Պառակտման գործոնները․ օխլոկրատիայի դեպքում կրճատվում է քաղաքական մշակույթի դաշտը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հոգեբանները պնդում են, որ ժամանակից կյանքը, իր բուռն, անսպասելի իրադարձություններով, անկանխատեսելի շրջադարձներով առաջացնում է երեք տեսակի ճգնաժամ՝ մարդիկ իրար չեն հասկանում, իրար չեն վստահում եւ, երրորդը՝ կորցրել են ապրելու իմաստը: Դա տեղի է ունենում ամբողջ աշխարհում, բայց հատկապես այն հասարակություններում, որոնք, Հայաստանի նման, վերապրում են հեղափոխություններ, աղետներ, պատերազմներ, այդ ամենն ավելի ցայտուն է արտահայտվում:

Շատ բնական է, որ այդ հանգամանքներում սրվում են մարդկանց պարանոյիկ հակումները, նրանք իրար կասկածում են թշնամական կամ դավաճանական հակումների մեջ եւ ամեն մի թփի տակ դավադրություններ են փնտրում:

Ճգնաժամի հիմնական արատներից մեկն այն է, ինչը ամերիկացի ընկերաբան Իրվինգ Հոֆմանն անվանում է «ստիգմատիզացիա»՝ առանց հասկանալու, առանց խորանալու պիտակ կպցնելը, երբ դիմացինի մեջ տեսնում ես ոչ թե մարդու, այլ նախեւառաջ՝ այս կամ այն էթնոսի, ցեղային, սեռական, կրոնական, քաղաքական կամ այլ խմբի ներկայացուցչի: Ընդ որում, այդ՝ «հակառակ խմբի» ներկայացուցիչը կարող է լինել մոտիկ ընկերդ կամ եղբայրդ: «Եղբայրներիս համար ես օտար եղա, եւ մորս որդիների համար՝ հյուր», – դարեր առաջ գրում էր բանաստեղծական ձիրք ունեցող թագավորներից մեկը:

Հայաստանի առանձնահատկությունն այն է, որ այստեղ չկան էթնոսի կամ կրոնի հետ կապված հակասություններ՝ տարբեր կրոնական համայնքներին պատկանելը կամ աթեիստ լինելը մեզ համար, որպես կանոն, խնդիր չէ: Այսպիսով, «արանքից դուրս են գալիս» այլ պետություններին կամ ազգերին պառակտող երկու հսկայական գործոնները: Մնում է՝ «քաղաքականը», օրինակ՝ նիկոլականության եւ հականիկոլականության վրա հիմնված պառակտումը: 

Անձամբ ինձ նման հակասությունները լուրջ եւ խորքային չեն թվում: Պարզապես, ինչպես արդեն ասվեց, այսօր դժվարացել է մադկանց շփումը՝ նրանք իրար չեն լսում, չեն վստահում եւ փոխարենը գերադասում են «ստիգմատիզացիան», որին, անշուշտ, նպաստում է նաեւ սոցցանցային աշխարհն՝ իր «տեղեկատվական պատյաններով»: Այստեղ մեկ խմբի ներկայացուցիչները (ասենք, Հայաստանի ներկա եւ նախկին 4 ղեկավարներից մեկի երկրպագուները) իրար մեկնաբանում են, կիսում են ու «սրտիկում» միմյանց նյութերը ու միահամուռ հարձակվում երեք այլ խմբակների ներկայացուցիչների վրա, վերջիններից դուրս մղելով իրենց տարածքից: Այսպիսով, խմբերի ներսում ստեղծվում է «հոմոգեն» մի միջավայր: Տեղեկատվական պատյանը (bubble-ը) հենց դա է:

Դրան ավելանում է եւս մի գործոն՝ քաղաքական ռեժիմը: Օխլոկրատիայի դեպքում (ինչպես եւ տոտալիտարիզմի ժամանակ) խիստ կրճատվում է քաղաքական մշակույթի դաշտը, հասարակական ճնշման տակ վերանում են այն հարթակները, որտեղ հնարավոր է տարբեր խմբերի երկխոսությունը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր