211652_close_icon
views-count1350 դիտում article-date 14:48 08-08-2022

Վնասազերծվել է 121 պայթուցիչ, 2 հրթիռ, ականանետի 74 ական, 282 արկ եւ 5 ավիառումբ. ՆԳՆ ԱԻ պետական ծառայություն

Օգոստոսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 683 ահազանգ, որից 624-ը ճանաչողական բնույթի: Այս մասին հայտնում են ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից։

Շաբաթվա ընթացքում գրանցվել է բնածին բնույթի 6, տեխնածին՝ 14 եւ սոցիալ-կենցաղային բնույթի 14 կանչ:

Գրանցված 6 հրդեհի դեպքերը արձանագրվել են չոր խոտատարածքներում: Ծառայության կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումները եւ հրշեջ հենակետերում տեղակայված մարտական հաշվարկները օպերատիվորեն հակազդել ու անհրաժեշտ մակարդակով իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ:

ԱԻ պետական ծառայությունը հորդորում է խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, մասնավորապես չոր խոտատարածքներում ու այգիներում. մեր իսկ պատասխանատվությամբ նվազեցնենք հնարավոր արտակարգ պատահարների առաջացման ռիսկերը:

Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման ծառայողները հանրապետության շրջաններում կազմակերպված ճամբարներում իրականացրել են շուրջoրյա հերթապահություն եւ ապահովել ճամբարականների անվտանգությունը։

Հաշվետու ժամանակահատվածում փրկարարները կատարել են փակված 5 դռան եւ 2 վերելակի բացում, փրկարարների օգնությամբ 2 քաղաքացի տեղափոխվել են համապատասխան բժշկական հաստատություններ, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 1 ելք, փրկարարներն արձագանքել են այլ բնույթի եւս 4 կանչերի:

Օձի հայտնաբերման վերաբերյալ շաբաթվա ընթացքում ստացվել է 2 ահազանգ: Հերթապահ օպերատիվ խմբերը բնակչությանը ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն՝ թունավոր սողուններին տեղափոխելով անվտանգ տարածք:

Հանրապետության տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու եւ շրջակա միջավայրն ավելի անվտանգ դարձնելու նպատակով՝ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ իրականացրել են չպայթած զինամթերքի հայտանբերման եւ վնասազերծման աշխատանքներ:

Ընդհանուր առմամբ վնասազերծվել է 121 պայթուցիչ, 2 հրթիռ, ականանետի 74 ական, 282 արկ եւ գնդիկաբեկորային 5 ավիառումբ:

ԱԻ պետական ծառայությունը բոլոր ստորաբաժանումները ԱՀ ամբողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա ուժեղացված ծառայություն:

Տեղեկատու հեռախոսահամարներ՝ 911, 101, 112։    

Նմանատիպ նյութեր