211652_close_icon
views-count10494 դիտում article-date 23:51 07-08-2022

Բերձորում, Աղավնոյում և Սուսում սկսվել է անկախության շրջանի հուշարձանների տարհանման գործընթացը. monumentwatch.org

Բերձորում, Աղավնոյում և Սուսում սկսվել է անկախության շրջանի հուշարձանների տարհանման գործընթացը:

Այս մասին հայտնում են «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» կայքից:

 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով, թեˊ Բերձոր քաղաքը, թեˊ Աղավնո և Սուս գյուղերն անցել են Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։ Սակայն 2022 թվականի հունիսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարում է, որ Աղավնո գյուղի մոտով անցնող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի երթուղու փոփոխությունից հետո Աղավնո և Սուս գյուղերը, Բերձոր քաղաքն ու հարակից բնակավայրերն անցնելու են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ (https://www.youtube.com/watch?v=nQ_-5POBB-Y)։ 

Ավելի ուշ բնակիչներին մինչև օգոստոսի 25-ը ժամանակ է տրվել իրենց բնակավայրերը լքելու համար: Նշենք, որ և՛ Աղավնոյում, և՛ Բերձորում ազատագրումից հետո կառուցվել են եկեղեցիներ՝ սբ. Համբարձման (Բերձոր, 1998 թ., նկ. 1) և սբ. Նահատակաց (Աղավնո, 2002 թ.), կանգնեցվել են բազմաթիվ խաչքարեր նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Բերձորի սբ. Համբարձում եկեղեցու բակում, նկ. 2, Սուս գյուղ, այժմ տարհանվել է, նկ. 3), 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին (Բերձորի սբ. Համբարձում եկեղեցու բակում, նկ. 4), ազատագրական պայքարում զոհված ազատամարտիկների հիշատակին (Բերձորի հուշահամալիրի տարածքում, նկ. 5, 6, Աղավնոյից Բերձոր տանող ճանապարհին, նկ. 7), Քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին (Աղավնո գյուղի դպրոցի բակում, նկ. , բազմաթիվ հուշաքարեր և հուշաղբյուրներ (նկ. 9-11): 
Իսկ ի՞նչ ճակատագիր է սպասվում տեղի մշակութային հուշարձաններին: Ադրբեջանի նախագահն իր ելույթներում բացահայտ կերպով շեշտել է, որ իրենք վերացնում են «օկուպանտների կողմից» վերջին երեսուն տարիների ընթացքում «ապօրինի կերպով» կանգնեցված հուշարձանները, շինությունները և այլն։ Նման պայմաններում անկախության շրջանի հուշարձանները առաջնային թիրախ են: Արցախի իշխանություններն արդեն իսկ տարհանման որոշում են կայացրել և սկսել գործընթացը։ Սուս գյուղի խաչքարերն արդեն իսկ տարհանվել են և տեղափոխվել ապահով վայրեր (նկ. 12, 13): Արցախի Հանրապետության կառավարությունը հայտնում է, որ մոտ ապագայում պիտի տարհանվեն նաև Բերձորի և Աղավնոյի խաչքարերն ու հուշարձանները: Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը hraparak.am-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ իրենք պատրաստվում են տեղափոխել նաև խաչքարերը:

Սակայն թե ի՞նչ ճակատագիր է սպասվում սբ. Համբարձման և սբ. Նահատակաց եկեղեցիներին դեռևս անհայտ է: Նշենք նաև, որ մենք արդեն բազմիցս ականատես ենք եղել ադրբեջանական առանձնակի վանդալությանն ուղղված նոր հուշարձաններին, ինչպես Մատաղիս գյուղում մատուռի ու շրջակայքի խաչքարերի, Որոտան քաղաքում՝ Արցախյան առաջին ազատամարտին նվիրված խաչքարի, Ջրականի (Ջաբրայիլ) շրջանի Շյուքյուրբեյլի գյուղի խաչային հորինվածքով հուշարձանի, Հադրութի Առաքել գյուղի խաչքարի, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի՝ «Վերածնված Թալիշ» հուշարձանի, Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրի եկեղեցու օրինակներում:

Նմանատիպ նյութեր