211652_close_icon
views-count1036 դիտում article-date 16:28 06-08-2022

Արցախի պետնախարարը Ստեփանակերտում շրջել է աշխատանքի տոնավաճառի տաղավարներով

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 6-ին մասնակցել է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կազմակերպած «Աշխատանքի տոնավաճառ»-ի բացման արարողությանը, որը մի հարկի տակ է համախմբել 200 մասնագիտությունների գծով 1500-ից ավելի աշխատողի կարիք ունեցող 61 գործատուի և բազմաթիվ աշխատանք փնտրողների:

Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Զգալով աշխատանքի առաջարկի ու պահանջարկի մեծ ծավալը՝ որոշում ենք կայացրել աշխատանքի տոնավաճառի միջոցով կազմակերպել գործատուների և աշխատանք փնտրողների հանդիպումը: Հույս ունենք, որ աշխատանք փնտրող մեր համաքաղաքացիներն ու գործատուները կգտնեն իրար և փոխշահավետ պայմանավորվածության կհանգեն: Դա կլինի կառավարության աջակցությունը և՛ սոցիալական խնդիր լուծելու, և՛ տնտեսության զարգացմանը խթան ապահովելու համար»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:

Պետական նախարարն ընդգծել է աշխատանք և աշխատող գտնելու գործընթացի դյուրացման, զբաղվածության ոլորտում որակավորման բարձրացման և այլ հարակից ուղղություններով ԱՀ կառավարության շարունակական ջանքերի իրականացման վճռականությունը:

Ա.Բեգլարյանը գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ շրջել է բոլոր տաղավարներով, շփվել գործատուների և աշխատանք փնտրող քաղաքացիների հետ, ծանոթացել տեղեկատվական տեխնոլոգիաների, սպասարկման, շինարարության, արտադրության, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում առկա աշխատատեղերի ցանկին:

Նմանատիպ նյութեր