211652_close_icon
views-count6244 դիտում article-date 12:29 04-08-2022

Եթե երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, ՊԲ-ն մարտական հերթապահություն իրականացնելու կարիք չի ունենա. Փաշինյան

Որքան էլ քննադատվի 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, դրանում ԼՂ-ի անվտանգության անվտանգության կարեւոր ինստիտուտներ են ամրագրված: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախ, ԼՂ միավորի արձանագրումն է տեղի ունեցել, ինչը մինչեւ հիմա փորձում է ժխտել Ադրբեջանը՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի: Ադրբեջանից հնչող նմանատիպ հայտարարությունները, ի դեպ, եռակողմ հայտարարության կոպտկագույն խախտում են: Երկրորդը, արձանագրվել է, որ գոյություն ունի շփման գիծ, եւ երրորդը, Լաչինի միջանցք, որն ապահովում է ԼՂ կապը Հայաստանի հետ»,-ասաց նա՝ հավելելով, որ ըստ էության այս երեք ինստիտուտների դեմ է Ադրբեջանի այսօրվա պայքարը, եւ մեր ակնկալիքն է, որ ինչպես եւ նախատեսված է եռակողմ հայտարարությամբ, ՌԴ խաղաղապահ զորախումբը Ադրբեջանին հնարավորություն չտա խաթարելու այդ հայտարարությամբ արձանագրված այս հիմնարար ինստիտուտները:

«Ադրբեջանն այսօր անընդհատ խոսում է ԼՂ պաշտպանության բանակի մասին, թե ինչու են նրանք տեղակայված շփման գծի երկայնքով: Եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, ԼՂ ՊԲ-ն կարծում եմ՝  մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա: Նման անհրաժշտությունը առաջացել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը եւ շարունակաբար խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, այդ թվում բոլոր ռազմական գործողություններ ի դադարեցման մասին, որը վերը նշված փաստաթղթի բուն էությունն է»,- ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր